Փաստորեն՝ մենք չենք մտնում այդ խելոք մարդկանց մեջ․ Հայկ Մարգարյանը՝ Կարեն Անդրեասյանին

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։

«Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ի ղեկավար Հայկ Մարգարյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց, որ ներկա չի եղել այդ քննարկմանը․ «Ես տեղյակ չեմ եղել, վեթինգի վերաբերյալ ոչ մի քննարկման հրավեր ինձ չի եկել»,- ասաց նա։

Խոսելով նախարարության կազմակերպած քննարկման մասին՝ Հայկ Մարգարյանն ասաց, որ չի հետևել դրա ընթացքին․ «Միայն կարող եմ ասել, որ նույն կերպ, ինչպես առաջ էին անում Հակակոռուպցիոն հանձնաժողովը ստեղծելիս, երբ ոչ մեկին չհարցրին, իրենք իրենց ընտրեցին, նույն ձևով հիմա սա են անում»։

Վերջինս անդրադարձավ նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին, որի ժամանակ նշել էր․ «Այս երկրում ով որ վեթինգից ինչ-որ բան հասկանում է, ամենախելոք մարդիկ երեկ հավաքվել են, արդյունքները դեռ չենք ամփոփել, 1-2 օրվա մեջ կներկայացնեն՝ ինչ հասկացան փորձագետները․ դա հնարավո՞ր է, թե՝ չէ։ Եթե հնարավոր է՝ մենք օրերի մեջ կսկսենք վեթինգի մասին առանձին օրենքի մշակումը, եթե հնարավոր չէ՝ մենք արդեն կմտածենք սահմանադրական բարեփոխումների հետ մտածել էդ հարցով»։

Հայկ Մարգարյանն ասաց․ «Փաստորեն՝ մենք չենք մտնում այդ խելոք մարդկանց մեջ»։

Նա ևս մեկ անգամ նշեց այն փաստը, որ իր ղեկավարած կազմակերպությունը ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ է և ամբողջությամբ կողմ է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից համատեղ կատարված և հրապարակված երկու փորձագիտական ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգմանն ու պատասխանատվությանը և դատարանի անկախությանն ու արդյունավետ գործունեության երաշխիքներին։

«Կոալիցիայում ընդգրկված բոլոր կազմակերպությունները պետք է հրավիրված լինեին այդ միջոցառմանը, մենք էլ շատ բան ունենք ասելու։ Էստեղ էլ խելոք մարդիկ կան»,-նշում է Հայկ Մարգարյանը։

Ներկայացնում ենք նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիայի համատեղ կատարված և հրապարակված երկու փորձագիտական ուսումնասիրություննեը՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել