ՊԵԿ-ը գույքագրում է փաստաթղթավորման գործընթացում՝ գործնականում ի հայտ եկած խնդիրները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ օրերս տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է հարթակի ակտիվ գործունեության կարևորությունը․ «Վստահ եմ՝ մեր աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ այստեղ քննարկվող հարցերը հնարավորություն են տալիս ապահովել ավելի արդյունավետ վարչարարություն, ընդունել ավելի մասնագիտական, փաստահեն և ներառական որոշումներ՝ հաշվի առնելով ինչպես մասնագետների, այնպես էլ հարկ վճարողների տեսակետները»։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հարկային օրենսդրական վերջին փոփոխություններին։ Քննարկվել են փաստաթղթավորման գործընթացում՝ գործնականում ի հայտ եկած խնդիրները։ Հատկապես, առևտրի օբյեկտում ապրանքի ձեռքբերման գործընթացում, երբ վճարումը կատարվում է անմիջապես առևտրի կետում, իսկ ապրանքի մատակարարումը իրականացվում է այլ վայրից (օրինակ՝ պահեստից), օրենսդրական կարգավորումների կիրառման հետ կապված առաջանում են մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՀԴՄ կտրոնի տրամադրման, հաշվարկային փաստաթղթերի կազմման և դուրսգրման, ինչպես նաև դրանց՝ որպես ուղեկցող փաստաթուղթ դիտարկվելու կարգավորումները։ Ընդգծվել է, որ ներկա փուլում ՊԵԿ-ը գույքագրում է այդ խնդիրները՝ հաշվի առնելով նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, հարկ վճարողների տեսակետներն ու առաջարկները։ Ըստ Կոմիտեի ներկայացուցիչների, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելի պարզեցնել և դյուրացնել վարչարարությունը, միաժամանակ ապահովելով արդյունավետ հսկողություն։

Անդրադարձ է կատարվել նաև նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։ Քննարկվել են դրանց գործնական կիրառման ընթացքում առաջացած խնդիրները։  Նույնականացման միջոցներով դրոշմավորման գործընթացը լավարկելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկ ամսվա ընթացքում ներկայացնել մտահոգիչ հարցերն ու առաջարկները, որոնց լուծման հնարավոր տարբերակները կքննարկվեն խորհրդի հաջորդ նիստերում։

Բացի այդ, հանդիպմանը ներկայացվել են թվայանցման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՊԵԿ էլեկտրոնային համակարգերի լավարկման ուղղությամբ իրականացված վերջին ծրագրային բարելավումներին, որոնք ուղղված են ստացվող՝ մեծաքանակ և անընդհատ աճող հաշվետվությունների, հարկային հաշիվների, ՀԴՄ կտրոնների, ինչպես նաև Հարկային օրենսգրքից և այլ իրավական ակտերից բխող պահանջների իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։ Նիստի մասնակից՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հարկ վճարողները ևս փաստել են, որ  վերջին շրջանում արձանագրվել է էլեկտրոնային համակարգերի կանոնավոր աշխատանք։

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխան ձևաչափով, ակտիվ քննարկումներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել