Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
ՀՀ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում միայն մեկ մարմին՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների խախտման հիմքով։ 2020-ին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 8 դատավոր, որոնցից 2-ի լիազորությունները դադարեցվել են։ Իրավաբան․net-ը ներկայացնում է այդ դատավորներին և նրանց կարգապահական պատասխանատվությանը ենթարկելու պատճառները։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը։ Ըստ նրա՝ դատավորը անաչառ չի եղել։ Դիմողը պնդում է, որ դատավորի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերն անհետևանք թողնելը և պաշտպանի կողմից ներկայացված երկրորդ, նոր փաստական հանգամանքների բացակայության պայմաններում նույն հիմքերով և հիմնավորումներով միջնորդությունը դատարանի կողմից քննության առնելը խախտում է։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից թույլ տրված վկայակոչված դատավարական նորմերի խախտումները կասկածի տակ են դրել դատավորի անկողմնակալ և անաչառ լինելը։ Վահե Խալաթյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Գերասիմ Գևորգյանի կողմից ևս մեկ դիմում է ներկայացվել, որի հիմքով՝ դատավոր Վահե Խալաթյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Դատավորը դատավճիռը կատարման է հանձնվել վերջնաժամկետից 8 ամիս անց: ԲԴԽ-ի որոշմամբ՝ Վահե Խալաթյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են։
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է դարձել քաղաքացի Էդմոնդ Գրիգորյանի դիմումը Արդարադատության նախարարին։ Դիմողը գտել է, որ դատավորը ընդհանուր կանոնների խախտում է թույլ տվել, նշանակել է դատական ակտի հրապարակման օր, սակայն այն չի հրապարակվել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հետազոտել ապացույցները: Եվս մի քանի անգամ նիստեր են նշանակվել, սակայն տարբեր պատճառներով դրանք հետաձգվել են։ ԲԴԽ-ն գտել է, որ ոչ պատճառաբանված դատական ակտի ընդունումը և դատական նիստերի մասին կողմերին ոչ պատշաճ ծանուցելը խախտել է դատավորի կողմից անաչառության, անկողմնակալության պահպանման պահանջը, մյուս կողմից՝ գործի քննության ձգձգումը, երկու անգամ գործի քննության վերսկսումը՝ առանց պատճառաբանության, խախտել է Դատավորի կողմից գործի ողջամիտ քննության վերաբերյալ վարքագծի կանոնը: Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ 2-րդ կարգապահական վարույթի հարուցման հիմք է դարձել քաղաքացի Սամվել Ռստակյանի դիմումը։ Նշվում է, որ վերջինս դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ է դրսևորվել, ինչպես նաև ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ չի քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։ ԲԴԽ-ն արձանագրել է, որ դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են նաև դատավորի վարքագծի կանոնների խախտման։ Կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին դատավորն արդեն ունեցել է կարգապահական տույժ։ Նաիրա Մխիթարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է դարձել քաղաքացի Վոլոդյա Վարդանյանի դիմումը։ Ըստ նրա՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումները դատավորի կողմից թույլ են տրվել դիտավորությամբ, քանի որ դատավարական նման լիազորության ակնհայտորեն բացակայության պայմաններում նման որոշում կայացնելու իրավասություն չուներ, կամ առնվազն կոպիտ անփութությամբ, այն է՝ վերջինս չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել: ԲԴԽ-ն գտել է, որ դատավորի կողմից դատավարական նորմի խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ նա չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել: Մեխակ Գևորգյանին հայտարարվել է նկատողություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբաններ Սեդրակ Ասատրյանի և Սիլվա Ասատրյանի կողմից Արդարադատության նախարարին ուղղված հաղորդման, ինչպես նաև www.1in.am կայքում ««Ունեզրկելու», «պարտքերը ջրելու», «գցելու» արատավոր բարքեր դատական համակարգում. ԱԱԾ-ն սկսել է մաքրազերծումը» վերնագրով հրապարակման հիմքով։ Դիմողը նաև շեշտել է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման կոպտությունն առկա է, քանի որ արձանագրված խախտումներով կայացված դատական ակտը նաև բացասաբար է անդրադարձել գործով պատասխանող բանկի իրավունքների վրա։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է է, որ դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ։ Ռուբեն Ներսիսյանին հայտարարվել է նկատողություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է դարձել զանգվածային լրատվության միջոցի կողմից արված «Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել» վերնագրով հրապարակումը։ Կարգապահական վարույթի շրջանակներում դատավորը չի ներկայացրել ոչ գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին, ոչ էլ գրավոր պատասխան Բարձրագույն դատական խորհրդին: Մարտի 19-ի որոշման մեջ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ Վարդան Գրիգորյանի կողմից թույլ է տրվել դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջի կոպիտ խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նրան հայտարարվել է նկատողություն։
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին հայտարարվել է նախազգուշացում՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությամբ։ Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը, ըստ որի դատավորը, 19.02.2020 թվականից մինչև 02.07.2020 թվականը գտնվելով նպատակային արձակուրդում, իրավասու չէր իր պաշտոնեական պարտականություններից բխող որևէ գործողություն իրականացնել, տվյալ դեպքում 25.02.2020 թվականին և նույն թվականի մարտի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տալ իր վարույթում քննված քաղաքացիական գործերով թվով 15 կատարողական թերթ: ԲԴԽ-ն արձանագրել է, որ արձակուրդում գտնվող դատավորն իրավունք չունի գործել ի պաշտոնե, այն է՝ իրականացնել իր պաշտոնեական պարտականություններից բխող որևէ գործունեություն, այդ թվում՝ իր կողմից մինչև արձակուրդում գտնվելը քննած գործերով տալ կատարողական թերթեր:
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է դարձել Ռոբերտ Դավթյանի կողմից Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումները։ Ըստ հայցվորի՝ սնանկության գործով դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որը կարող է դիտարկվել որպես կոպիտ և ակնհայտ և խախտումը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտման։ Բարձրագույն դատական խորհուրդը գտնել է նաև, որ դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ։ Դատավոր Տիգրան Փոլադյանին հայտարարվել է նախազգուշացում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է դարձել փաստաբան Քրիստինա Կարախանյանի Արդարադատության նախարարին ներկայացրած դիմումը։ Ըստ հայցվորի՝ դատավորը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ է դրսևորել, չեն պահպանվել գործը քննելու ողջամիտ ժամկետները։ Քրիստինա Կարախանյանը կասկածի տակ է դրել նաև դատավորի պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ տվյալ դեպքում Նաիրա Հովսեփյանի կողմից թույլ տրված վարքագծի ի պաշտոնե կանոնների խախտումը կոպիտ է, քանի որ խախտումը հանգեցրել է անձի ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության իրավունքի խախտման՝ արդյունքում հեղինակազրկելով դատական իշխանությունը։ Որոշման մեջ նշվում է, որ խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ։ Դատավորին հայտարարվել է նախազգուշացում։
Նշենք, որ դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով.
3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում.
4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:
Օրենսգրքի 145-րոդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`
1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը,
2) Լիազոր մարմինը (ՀՀ արդարադատության նախարարությունը-խմբ․),
3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Եվգենյա Համբարձումյան