Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հայտնել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին: Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության շրջանակներում:
Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և կշարունակի աջակցել կասկած հարուցող ցանկացած խախտման առնչությամբ լիարժեք, արդյունավետ և թափանցիկ քննության իրականացմանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հիշեցնում է, որ պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը: Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: