«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
– վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
– իրականացնել ահաբեկչական գործունեություն,
– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
– իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ.
դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:
Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել: Այս դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականներ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:
Հավելենք նաև կարևոր այն պայմանը, որի համաձայն` օտարերկրացուն տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության: