«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի համաձայն արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
2) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին իրականացրել են Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
3) որոնք առևտրական գործունեություն են իրականացնում խանութում, Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում (տաղավարում).
4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
5) որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.
7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը):