Ինչպե՞ս գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ձևերից մեկը անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է:

Անհատ ձեռնարկատեր լինելու պարտադիր նախապայման է օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալը, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու:

Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես, անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, և պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից: Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում – անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) և պատճենը,

– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն):

– Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է Գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:

Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750:

Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`

ա) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.

բ) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.

գ) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունըսահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Ընդ որում, որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

Արդյունքում, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 26–րդ հոդվածի համաձայն` քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, ինչպես նաև օրենքներով սահմանված այլ դեպքերում: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել