Խափանման միջոց կալանքը տարածված է վարակի պես. ոլորտի մասնագետները բազմիցս ահազանգում են այն մասին, որ կալանք կիրառելու կամ այն երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունները դատարանները հիմնականում բավարարում են և դատարանի նման որոշումների դեմ բողոք ներկայացնում են կալանքի տակ գտնվողների պաշտպանները:
Սակայն մեզ հայտնի դարձած դեպքում պատկերը ճիշտ հակառակն է. առաջին ատյանի դատարանի դեմ բողոքներ ներկայացնողը դատախազություն է: Դատարանը 4 անգամ բավարարել է խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Սակայն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ավագ դատախազ Ա. Պետրոսյանի բողոքի հիման վրա` վերաքննիչ դատարանը առաջին երեք դեպքերում բեկանել է առաջին ատյանի որոշումը և անձը նորից կալանքի տակ է վերցվել:
30-ամյա Ռ.Գ-ն մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 7-ի երեկոյան իր կողմից ապօրինի պահվող զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Համաձայն գործի նյութերի` մինչ կրակոցներ արձակելը բակի զրուցարանում նստած մի քանի երիտասարդներ հայհոյանքներ են տվել, Ռ.Գ-ն զգուշացրել է չհայհոյել: Ծագած վիճաբանությունը ավարտվել է կրակոցներով:
Հուլիսի 8-ին Ռ.Գ-ին ձերբակալել են, իսկ երկու օր անց նրա հանդեպ ընտրվել է կալանքը` որպես խափանման միջոց: Դեռևս նախաքննության ընթացքում սեպտեմբերի 11-ին Ռ.Գ-ի պաշտպան Կարեն Հակոբյանի միջնորդությունը` կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է` հաշվի առնելով այն, որ մեղադրյալի անձը պարզված է, ունի մշտական բնակության վայր, դրական է բնութագրվում, խնամքին ունի մանկահասակ երեխաներ, ունի առողջական խնդիրներ:
«Այսպիսով` քննարկելով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը` դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ գրավի գումարի վճարման երաշխիքը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի մեղադրյալը գրավով կալանքից ազատելը թույլատրելի է և հիմքեր չկան ենթադրելու, որ մնալով ազատության մեջ նա կխուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց և կխոչընդոտի քրեական գործի հետագա քննությանը»,- նշվել է դատարանի որոշման մեջ:
Այսպիսով, Ռ.Գ-ն ազատ է արձակվում կալանքից և առողջական խնդիրների պատճառով տեղափոխվում է հիվանդանոց: Սակայն 7 օր հիվանդանոցում բուժվելուց հետո նրան նորից տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ, քանի որ դատախազի բողոքը վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, սեպտեմբերի 19-ի իր որոշմամբ բավարարում է` բեկանելով առաջին ատյանի որոշումը:
Գործը դատարան է ուղարկվում հոկտեմբերի 27-ին, և արդեն դատավարության ժամանակ ամբաստանյալի պաշտպանը նոյեմբերի 23-ին նորից միջնորդում է դատարանին` Ռ.Գ-ի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ի որոշմամբ բավարարում է միջնորդությունը:
Սակայն այս անգամ էլ Ռ.Գ-ն երկար չի մնում ազատության մեջ: Այս տարվա փետրվարի 9-ին վերաքննիչ դատարանը, դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, դատախազի բողոքի հիման վրա նորից բեկանում է առաջին ատյանի դատարանի որոշումը, և Ռ.Գ-ն կալանքի է վերցվում:
Փետրվարի 20-ին ամբաստանյալի նոր պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջորդություն է ներկայացնում դատարանին` նորից կալանքը գրավով փոխարինելու մասին: Եվ նորից դատարանը` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարում է: Եվ նորից վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, ապրիլի 2-ին բեկանում է առաջին ատյանի որոշումը:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ապրիլի 3-ին կրկին միջնորդում է դատարանին` իր պաշտպանյալի հանդեպ կիրառված կալանքը գրավով փոխարինելու մասին, և դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կրկին բավարարում է միջնորդությունը` ապրիլի 16-ի իր որոշմամբ: Նշենք, որ գրավի չափ սահմանվել է 4 միլիոն դրամը:
Ներկայումս ամբաստանյալը կալանքի տակ չէ, և հուսանք, որ արդեն չորրորդ անգամ վերաքննիչ դատարանը չի բեկանի առաջին ատյանի հիմնավոր որոշումը, քանի որ գործով չկա որևէ ապացույց այն մասին, որ ամբաստանյալը որևէ ձևով խոչընդոտել է կամ կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել քննությունից: Ավելին` կան հակառակը ապացուցող հանգամանքներ: Նա դեպքից հետո իր ընտանիքով տեղափոխվել է այլ բնակավայր, ընդհանրապես որևէ շփում կամ առնչություն չի ունեցել գործին առնչվող անձանց հետ:
Ավելին, այս ժամանակահատվածում նա ունեցել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի մուտքի վիզաներով անձնագիր և թաքնվելու փոքր-ինչ ցանկության դեպքում կարող էր մեկնել նշված երկրներից որևէ մեկը և ՀՀ իրավապահ մարմինները երբեք չէին կարողանա նրան էքստրադիցիայի ենթարկել և ենթարկել քրեական պատասխանատվության: Սակայն նա թաքնվելու որևէ քայլ չի արել:
Հետաքրքիր դրվագ է նաև այն, որ դեպքից հետո Ռ.Գ-ն է ահազանգել ոստիկանություն, հնարավորություն ունենալով թաքցնել իր բնակարանում գտնվող առարկաները, սակայն դրանք` հրազեն ճանաչված ինքնաշեն ատրճանակը, փամփուշտները, 2 պարկուճները ինքնակամ ներկայացրել է ոստիկաններին:
Գլխավոր լուսանկարում` դատավոր Դավիթ Հարությունյան
Լուսանկարների աղբյուրը` court.am
Ա.Կ.