4 երեխաների հայրը ազատ արձակվեց կալանքից. դատարանում կրքերը բուռն էին

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Դավիթ Մնացականյանի գործով բերված բողոքների քննությունը: Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել է այս բացառիկ գործին, որի դեպքում մեղադրող կողմը  մեղմ պատիժ է խնդրել և առաջին ատյանի կողմից 4 տարվա ազատազրկման դատապարտելու դեմ վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Դավիթ Մնացականյանի պաշտպան Դանիել Գևորգյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր այն մասին, որ ընտանիքը անապահով պայմաններում է ապրում, երեխաներն ունեն առողջական խնդիրներ՝ կապված տեսողության, թոքերի, սրտի և այլնի հետ: Զույգ որդիները զորակոչման տարիքում են, սակայն եթե երկուսն էլ անցնեն ծառայության, ապա քույրերն անօգնական վիճակում կհայտնվեն: Այս իսկ պատճառով էլ եղբայրներից դեռևս միայն մեկն է զորակոչվել, իսկ մյուսը հոգ է տանում քույրերի մասին: Ի դեպ, փոքր քույրն անչափահաս է դեռևս:

Այսօր մինչ դատական նիստը սկսելը, երբ նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալ Դավիթ Մնացականյանը, փոքր դուստրը դահլիճից նետվեց դեպի հոր գիրկը: Իսկ վայրկյաններ անց սակայն նա իր տեղում նստած արտասվում էր:

Ընտանիքի սոցիալական, առողջական վիճակի մասին փաստաթղթերը ներկայացվելուց և գործին կցվելուց հետո, վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, դատավոր Մխիթար Պապոյանի և Սերգեյ Չիչոյանի, անցավ խորհրդակացական սենյակ:

Որոշ ժամանակ անց դատարանը հրապարակեց որոշումը, որով բավարարեց պաշտպանի և մեղադրողի բողոքները՝ փոփոխվեց պատիժը և չորս տարվա փորձաշրջան նշանակվեց նրա հանդեպ: Դատարանը նաև վերացրեց խափանման միջոց կալանավորումը և դատարանի դահլիճում ամբաստանյալն ազատ արձակվեց:

Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալը  դատավորների ձեռքը սեղմեց՝ արտահայտելով իր շնորհակալությունը:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել