50-ամյա Դավիթ Մնացականյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ համագյուղացուն դանակահարելու համար: Համաձայն գործի նյութերի՝ նա և Դավիթ Հազրոյանը մտերիմ հարաբերություններ ունեցել մինչ այն պահը, երբ Մնացականյանի կինը առանց պատճառի թողել-գնացել է տնից:
Դավիթ Մնացականյանը` կասկածելով նախկին կնոջ և Դավիթ Հազրոյանի միջև գոյություն ունեցած հնարավոր կապի մասին` պահանջել է Հազրոյանից այլևս իր տուն չմտնել։ 2015 թվականի ապրիլին Դավիթ Մնացականյանի մայրը մահացել է։ Հազրոյանը գնացել է նրանց ցավակցելու, սակայն Դավիթ Մնացականյանը վռնդել է նրան: Հազրոյանը հետագայում հարմար առիթ է փնտրել՝ պարզաբանում պահանջելու համար:
Մայիսի 25-ին նախկին մտերիմները հանդիպել են գյուղի կենտրոնում: Մնացականյանը չի ցանկացել, որ Հազրոյանն իրեն նկատի և մոտեցել է տաղավարում թուղթ խաղացող համագյուղացիներին: Հազրոյանը սակայն նկատել է նրան, առաջարկել առանձնանալ՝ կոպիտ և վիրավորական տոնով: Մնացականյանն էլ հանել է իր մոտ եղած դանակն ու հարձակվել Հազրոյանի վրա, հարվածել որովայնին: Ներկաները միջամտել են, Հազրոյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել:
Դավիթ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և կալանավորվել է: Սակայն 15 օր անց նրա խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին: Հաշվի է առնվել նրա ընտանիքի սոցիալական անբարենպաստ պայմանները, այն, որ նրա խնամքին են չորս երեխաները, իսկ նա էլ ընդունել է մեղքը, զղջացել, նախկինում դատապարտված չի եղել, ունի դրական բնութագիր:
Վերոնշյալ մեղմացուցիչ հանգամանքները, ինչպեսև ծանրացուցիչ հանգամանքների բացակայությունն էլ հաշվի առնելով մեղադրող դատախազ Անդրանիկ Սահակյանը դատարանին միջնորդել է պատիժ նշանակելիս կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Ի դեպ, նշենք նաև, որ դատավարության ժամանակ տուժող Դավիթ Հազրոյանը ցուցմունք է տվել, որ բողոք ու պահանջ չունի Մնացականյանից և խնդրել է մեղմ պատիժ նշանակել համագյուղացու հանդեպ:
Սակայն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, Դավիթ Մնացականյանին դատապարտել է չորս տարվա ազատազրկման և չի կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ հանգելով այն հետևությանը, որ առկա չէ հիմնավորվածությունն առ այն, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:
2015 թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված այս դատական ակտով նաև փոփոխվել է խափանման միջոցը և հենց դատարանի դահլիճից Դավիթ Մնացականյանը կալանքի տակ է վերցվել: Ներկայումս ամբաստանյալի երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի, ապրում են վատթարագույն պայմաններում: Երեխաների ծանր պայմաններին վերջերս անդրադարձել է Panorama.am լրատվակայքը:
Ներկայումս դատավճռի դեմ երկու բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան՝ մեկը մեղադրող դատախազ Անդրանիկ Սահակյանի, մյուսը՝ Մնացականյանի պաշտպան Դանիել Գևորգյանի կողմից: Երկու բողոքներն էլ նույնաբովանդակ են՝ թե պաշտպանը, թե մեղադրողը խնդրում են առաջին ատյանի դատարանի նշանակված պատժի մասով կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակել փորձաշրջան:
Դավիթ Մնացականյանի գործը բացառիկ է՝ հաշվի առնելով ձևավորված պրակտիկան. «Սա բացառիկ դեպք է, բացառիկ է այնքանով, որ դատախազությունը հազվադեպ է նման արարքի դեպքում պայմանական ազտազրկում միջնորդում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Դանիել Գևորգյանը: Ի դեպ, Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ ունեցող արարք կատարելու դեպքում պատիժ է սահմանվում 3-7 տարվա ազատազրկում:
Այս գործը բացառիկ է նաև, որ այժմ մեղադրողը վերաքննիչ ատյանում բողոքարկում է դատարանի խիստ պատիժը: Պրակտիկայում, սովորաբար, մեղադրողներն ավելի խիստ պատիժ են միջնորդում և դատարանի կողմից մեղմ պատիժ նշանակվելու դեպքում են բողոքարկում դատավճիռը:
Փաստաբան Դանիել Գևորգյանը հայտնեց, որ փետրվարի 23-ին վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել առաջին դատական նիստը, ներկայացվել են բողոքները: Հաջորդ դատական նիստին նա ներկայացնելու փաստաթղթեր՝ Դավիթ Մնացականյանի ընտանիքի սոցիալական ծանր պայմանների, ինչպեսև նրա չորս երեխաներից երկուսի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ փաստաթղթերը: Այնուհետև, ամենայն հավանականությամբ, դատարանը (դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ) պետք է անցնի խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու:
Պաշտպանն ընդգծում է գործով տուժող Դավիթ Հազրոյանի դիրքորոշումը. «Տուժողը բողոք չունի, հաշտվել են իրար հետ, խնդիրներ, թշնամական հարաբերություններ չունեն: Տուժողը առաջին ատյանում ասել է, որ մեղմ վարվեն: Վերաքննիչում նույնպես կրկնել է: Ամբաստանյալն ինքն այդ հնարավորությունը չուներ, բայց նրա հարազատները հոգացել են տուժողի առողջության հետ կապված բոլոր հարցերը, այսինքն՝ քաղաքացիական հայցի պահանջ էլ չկա»:
Հետաքրքրական է նաև այն, որ առաջին ատյանի դատարանում քննության ժամանակ Դավիթ Մնացականյանը պաշտպան չի ունեցել: Փաստաբան Դանիել Գևորգյանը հայտնեց, որ իր իմանալով գործով հանրային պաշտպան է ներգրավվել, սակայն Դավիթ Մնացականյանը հրաժարվել է նրա ծառայություններից: Մեր տեղեկություններով, դատավճռի վերաքննության փուլում Դավիթ Մնացականյանի երեխաները փաստաբանին վճարել են իրենց որպես օգնություն հատկացված գումարով:
Այժմ Դավիթ Մնացականյանն ու նրա չորս երեխաները սպասում են վերաքննիչ դատարանի մարդասիրական որոշմանը:
Գլխավոր լուսանկարը՝ Panorama.am-ի
Աստղիկ Կարապետյան