Ինչպե՞ս վարվել, երբ վարչական դատարան դիմելու ժամկետները սպառվել են

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54–րդ հոդվածով կարգավորվում են դատավարական ժամկետները բաց թողնելու և դրանք վերականգնելու ընթացակարգը։ Մասնավորապես, այդ հոդվածի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է, եթե իհարկե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։ Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել։

Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում։ Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը։ Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը։

Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում։Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը։

ՀՀ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դատավարական ժամկետների լրանալուց հետո ներկայացված հայցադիմումները դատարանը վերադարձնում է դրանք ներկայացված անձանց, եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։ Բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունում պետք է նշվեն բացթողնման պատճառները (Տե՛ս Գրիգոր Խաչերյան v. Երևանի քաղաքապետարան, վարչական գործ թիվ ՎԴ/2603/50/10 որոշումը)։

Վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով։

Ըստ Վճռաբեկ դատարանի` դատարան դիմելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետային սահմանափակումները Դատարանը պետք է կիրառի իրավունքների դատական պաշտպանության մատչելիության լույսի ներքո։

ՀԵԻԱ իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել