Ինչպե՞ս երկարաձգել ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով: Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է պետական լիազոր մարմին և քննարկվում է մեկամսյա ժամկետում։ Ընդ որում, դիմումը տրվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում: Ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։ Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին պետական լիազոր մարմինը գրառում է կատարում պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում (իրավատիրոջ ցանկությամբ) և տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։ Իսկ դիմումի ձևը, դրա ձևակերպման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը: Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնելապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու օգտին: Հարկ է նաև իմանալ, որ ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ: Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է դրա իրավատիրոջը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա իններորդ ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել