Ինչպե՞ս է իրականացվում կենսաթոշակի վճարումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2010 թվականի նոյեմբերի 4-ին ընդունել է «Կենսաթոշակների վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1531-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» թիվ 1406-Ն որոշումը:

Համաձայն վերը նշվածի` նախատեսվում է կենսաթոշակների վճարման երկու եղանակ` անկանխիկ և կանխիկ:

Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը նշանակում է, որ կենսաթոշակը վճարվելու է կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Սա հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակի գումարը տնօրինել առանց որևէ ժամկետի սահմանափակման (ներկայումս կենսաթոշակը վճարվում է մինչև տվյալ ամսվա 20-ը)` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակի (միջոցի) վերաբերյալ:

Ըստ այդմ, կառավարությունն առաջարկում է բանկերին նախարարության հետ կնքել պայմանագիր և հնարավորություն ստանալ կենսաթոշակառուներին մատուցել ծառայություններ` կնքված պայմանագրի համաձայն:

Կենսաթոշակառուն պետք է այցելի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ և բացի բանկային հաշիվ: Ընդ որում, բանկային հաշվի բացումը և սպասարկումը (այդ թվում` քարտերի թողարկում և տրամադրում, բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում տվյալ բանկի սպասարկման կետերում և այլն), որպես պետության կողմից երաշխավորված հիմնական ծառայություններ, կենսաթոշակառուին մատուցվելու են անվճար (այդ ծառայությունների համար վճարելու է պետությունը):

Այնուհետև, կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին և ներկայացնի համապատասխան դիմում` նշելով բանկի անվանումը և իր բանկային հաշվի համարը:

Վերոնշյալ գործընթացի շրջանակներում սահմանվում է կենսաթոշակառուի պարտականությունը` տարեկան մեկ անգամ անձամբ ներկայանալ բանկ կամ բանկին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը:

Կենսաթոշակների վճարման կանխիկ եղանակն ընտրած կենսաթոշակառուի կենսաթոշակը շարունակվելու է վճարվել գործող կարգով` կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ վճարող կազմակերպության գրասենյակում առձեռն կենսաթոշակառուին տրամադրելու միջոցով:

Ընդ որում, բոլոր այն վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք նախարարության հետ կկնքեն պայմանագիր, կարող են քաղաքացիներին մատուցել կենսաթոշակի վճարման ծառայություններ:

Ակնհայտ է, որ ընձեռվող հնարավորության շրջանակներում ընտրության բազմազանությունը ստիպելու է ծառայություն մատուցող կազմակերպություններին ուշադրության կենտրոնում պահել մատուցվող ծառայությունների որակը, իսկ կենսաթոշակառուներին հնարավորություն է տրվում ընտրել լավագույն ծառայություն մատուցողին և դրա միջոցով ստանալ իրենց կենսաթոշակը, ինչն առաջին հերթին բխում է կենսաթոշակառուների շահերից:

Ներկայումս աշխատանքներ են տարվում կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև` բանկերի ու վճարահաշվարկային կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակության կառուցակարգեր ներդնելու ուղղությամբ:

Վերոնշյալ նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, և կենսաթոշակառուն, սկսած 2011 թվականի հունվար ամսից, կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակ վճարող բանկը (կազմակերպությունը) ընտրելու կամ փոխելու (իր ընտրությամբ` կենսաթոշակը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու) համար:

Առաջարկում ենք ծանոթանալ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ կենսաթոշակների վճարման վերաբերյալ պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների ցանկին այստեղ:

Իրավաբան.նեթ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել