Գլխավոր դատախազը նման հարցերի շուրջ իրավունք չունի շփոթվելու. Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ

Հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց իր ծառայակից ընկերոջը՝ Լյուքս Ստեփանյանին, սպանելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի դատավճիռը:

Դատարանը նրան դատապարտեց 17 տարի ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ 13 տարի, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ 4 տարի (Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է նաև իր մտերիմ ընկերոջը՝ Հրաչյա Սարգսյանին ծանր վիրավորելու համար):

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանի խոսքով՝ պաշտպանական կողմի տեսանկյունից, իհարկե, պատիժը շատ խիստ է, մինչդեռ տուժող կողմը պահանջում է ցմահ ազատազրկում. «Եթե մենք երկու հոդվածների հանրագումարն ենք նայում, ապա կարող ենք ասել, որ նվազագույնի շեմին մոտ է: 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է պատիժ 12-20 տարի, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասը՝ 3-7 տարի: Այսինքն՝ ստացվում է, որ դատարանը նվազագույն պատիժ է սահմանել»:

Ըստ փաստաբանի` դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց գործում առկա ապացույցները, ինչպես նաև դատաքննության ժամանակ հետազոտված նյութերի հանրագումարի արդյունքում:

«Ինչպես պաշտպանական կողմը, այնպես էլ ես, իմ աշխատանքն եմ անում: Ինչպես նրանք չեն կարող ասել, որ Դավիթ Խաչատրյանը մեղավոր է դիտավորյալ սպանություն կատարելու համար, նույն ձև էլ ես չեմ կարող կասկածի տակ դնել տուժող կողմի դիրքորոշումը, որ իրենց տղան դիտավորյալ է սպանվել»:

Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը տված հարցազրույցին.

«Եթե անկեղծ ասեմ, Գլխավոր դատախազը նման հարցերի շուրջ իրավունք չունի շփոթվելու: Դա որևէ կերպ չեմ էլ կարող արդարացնել, քանի որ առաջին հերթին ես փաստաբան եմ: Իհարկե, հնարավոր է նաև, որ շփոթվել է, բայց հասարական հնչեղություն ունեցող նման ծանր գործերով նրան պարբերաբար զեկուցում են»:

Լյուքս Ստեփանյանի հարազատները բազմիցս խոչընդոտել են դատական նիստերի բնականոն ընթացքը: Փաստաբանի համոզմամբ՝ նրանց նմանօրինակ պահվածքը որևէ կերպ չէր կարող գործի ելքի վրա ազդեցություն ունենալ. ամբողջ դատաքննության ժամանակ որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել, ընդամենը մի քանի դրվագ է եղել, որոնք շատ արագ հարթվել են:

«Ես միշտ այնպես եմ արել, որ բռնկումներ չլինեն: Ւհարկե, ընթացքում եղել են, բայց դա կապված է եղել պաշտպանների հայտարությունների հետ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ նրանք իրենց գործն են անում, ես դա բազմիցս բացատրել եմ նաև տուժող կողմին, բայց դե ժողովուրդ են, բռնկվում են: Բոլորին չես կարող ղեկավարել, որ մի բառ չխոսեն»:

Նշենք՝ ավելի վաղ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել է, որ եթե մեր ներպետական ատյաններում արդարության չհասնեն, ապա պատրաստվում են Եվրոպական դատարան դիմել:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել