Արդեն մեկ տարի է հանրության ուշադրության կենտրոնում է Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործը: Որպես մեղադրյալ է ներգրավված նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես ժամապահ, ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ի պատասխան՝ անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը
Դեպքի առնչությամբ Իրավաբան.net-ը զրուցել է Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ: Վերջինս ներկայացրել է իր դիտարկումները՝ գործում առկա փաստերի վերաբերյալ:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունից մի քանի օր անց նրա հարազատները, համագյուղացիները որոշեցին Լյուքս Ստեփանյանի դին տեղափոխել Երևան և ցույց անցկացնել ՊՆ-ի դիմաց: Սևան-Երևան մայրուղում նրանց հանդիպեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ամեն կերպ փորձում էր հանգստացնել հարազատներին՝ կանխելով այդ քայլը:
-Արդյունքում իրավիճակը բավական թեժ էր դարձել: Սևան մայրուղում հարազատներին ամեն կերպ փորձում էին համոզել, որ չդիմեն այդ քայլին և հետ դառնան: Բացի պաշտպանության նախարարից այնտեղ էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Հենց այդ լարված իրավիճակում էլ հարազատները պահանջեցին, որպեսզի Սեյրան Օհանյանը հայտատարի, որ կրակոցը միտումնավոր է եղել, իսկ կատարվածը կանխամտածված սպանություն է: Արդեն դեպքի երրորդ օրը պահանջեցին, որպեսզի նման հայտարարություն անի: Սեյրան Օհանյանը դա հաստատեց՝ նշելով, որ այո՛, կանխամտածված սպանություն է:
Այս հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ը փորձել է պարզաբանում ստանալ նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից, ով դեպքի ժամանակ եղել է զինդատախազ: Մեր այն հարցին, թե որքանով է Սեյրան Օհանյանի այս հայտարարությունը նպաստում արդար և օբյեկտիվ դատաքննությանը, երբ դեպքից ընդամենը 3 օր է անցել, Գլխավոր դատախազը պատասխանեց. «Քրեական գործը հարուցվում է փաստի կապակցությամբ: Այսինքն՝ այն առերևույթ առկա փաստական հանգամանքները, որոնք ի սկզբանե հայտնի էին նախաքննությանը՝ հիմք տվեցին, որպեսզի քրեական գործը հարուցվի Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով: Այսինքն՝ անձին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Եվ այն հանգամանքը, որ հենց նույն օրը քրեական գործը հարուցվել էր դիտավորյալ սպանության համար, դա հիմք ընդունելով` Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ տեղի է ունեցել կանխամտածված սպանություն»:
-Գուցե մենք նախարարի արած հայտարարությանն անգամ չանդրադառնայինք՝ մտածելով, որ դա իրադրությունից դրդված քայլ է, եթե դրանից հետո ամբողջ նախաքննությունը չընթանար հենց այդ պատկերով և նախաքննական մարմինը հատուկ նպատակով չփորձեր հաստատել իր ղեկավարի դիրքորոշումը, որը հրապարակային արտահայտվել է:
Ինչ վերաբերում է դատախազի այն հայտարարությանը, որ գործը հարուցվել է փաստի առթիվ և շատ պարզ է, որ պաշտպանության նախարարը նման հայտարարություն է արել՝ նշեմ՝ եթե ուշադիր լսենք հարգելի գլխավոր դատախազի այլ գործերով հարցազրույցները, որ բազմիցս նշում է, թե այս կամ այն գործը նախաքննության փուլում է, չի կարող փաստերի վերաբերյալ հստակ տեղեկություններ հայտնել, պետք չէ շտապել, բայց որևէ դեպքում չի ասում, որ հաստատվել է, որ ենթադրենք միտումնավոր կրակոց է եղել:
Հենց այս տրամաբանությամբ էլ նախարարը կարող էր ասել, որ գործը հարուցվել է քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորյալ սպանություն շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով: Նախնական ապացույցներով նրան մեղադրանք է առաջադրվել հենց դրա համար, բայց ամբողջական պատկերը պարզ կլինի նախաքննության ավարտին:
Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ բազմիցս խախտվել է իր պաշտպանյանի անմեղության կանխավարկածը: Բացի այս դատարանը դրսևորել է կանխակալ դիրքորոշում: Ստորև փաստաբանը ներկայացնում է մի քանի փաստ, որոնք ըստ նրա հաստատում են ասվածը:
– 1. Լյուքս Ստեփանյանի հայրը հարցաքննության ժամանակ հայտնում է՝ իրեն ասել են, որ սպանությունը դիտավորյալ է եղել: Ես հարց տվեցի, թե ով է ասել նման բան, սակայն որևէ ճշգրիտ պատասխան չհնչեց: Իսկ երբ հարցրի, թե Սեյրան Օհանյանի հետ հանդիպե՞լ եք ու նա նման խոսակցություն եղե՞լ է, մեղադրողն առանց հիմնավորման առարկեց հարցի դեմ, իսկ դատարանն էլ առանց հիմնավորում լսելու այդ հարցը հանեց: Ես բնականաբար առարկեցի: Րոպեներ անց դատարանը այդ հարցը տվեց մահացած զինվորի հորը` Իշխան Ստեփանյանին: Վերջինս էլ, տեսնելով այդ իրավիճակը, ասաց, որ գործում է տեսել:
2. Հենց առաջին նիստի ժամանակ, երբ պաշտպանները հարգելի պատճառներով չէին կարողացել գալ դատական նիստին, տուժողի հարազատներն առանձին հանդիպում են ունեցել գործը քննող դատավորի և դատարանի նախագահի հետ: Դա օրենքով արգելվում է: Նրանք իրավունք չունեին նման հանդիպում ունենալ առանց հակառակ կողմի ներկայացուցիչների ներկայությամբ: Այստեղից էլ հետևում է, որ դատարանը կանխակալ վերաբերմուն ունի:
Ըստ պաշտպանի՝ գործի նյութերի մեջ առկա է Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի դիմումը Պաշտպանության նախարարին, որտեղ մասնավորապես ասվում է. «Այս գործն արդեն շատ է ձգձգվում: Չէ որ դուք Սևան-Երևան մայրքուղում մի շարք պաշտոնատար անձանց ներկայությամբ խոստացել եք պատիժը 18-ից -20 տարի է կամ ցմահ»:
-ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է պատիժ 12-20 տարի կամ ցմահ, այլ ոչ երբեք 18-ից 20 տարի:
Այն, որ այս խոստումները ամեն գնով պետք է իրականություն դարձվեին ամեն գնով հաստատվեց դատախազի ճառով: Մեղադրական ճառի մեջ նա պահանջեց 18 տարի ազատարզկում, սակայն չպատճառաբնեց, թե ինչու հենց այդքան:
Ըստ ՀՀ քրեական օրենսգքրի՝ առավել խիստ պատիժ նշանակվում է, եթե առավել նվազը չի կարող հասնել պատժի նպատակներին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց 18 տարի և ոչ ասենք 16, 17 կամ 19:
Նախքան պաշտպանական ճառը ներկայացնելը գլխավոր դատախազը Armnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Լյուքս Ստեփանյանի գործի քննությանը նշեց. «Ես գոհ եմ նախաքննության արդյունքից: Կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղավորությունը հիմնավորելու համար, և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»:
Ներկայումս գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում: Անդրադառնալով իր այս հայտարարությանը՝ գլխավոր դատախազը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. « Այն, որ ես, իրոք, գոհ եմ նախաքննության արդյունքներից, դա միանշանակ է: Գոհ եմ նաև դատաքննության արդյունքներից, որովհետև, իմ խորին համոզմամբ, դատախազը բավականին հիմնավոր կարողացել է ներկայացնել մեղադրանքը հիմնավորող բոլոր փաստարկները: Իսկ ինչ վերաբերում է դատավճիռ ունենալու փաստին, ես պարզապես շփոթել եմ այլ գործի հետ»:
-Շատ հնարավոր է, որ դա իսկապես շփոթմունք է, բայց պետք է նախևառաջ դրա պատճառները հասկանալ: Կամ, գլխավոր դատախազը, տեղյակ լինելով գործի մանրամասներին, պաշտպանական կողմի ներկայացված փաստարկներին, հասկանալով, որ մեղադրանքը չի հաստատվել, այդ հայտարարությամբ ճնշում է գործադրում դատարանի վրա՝ որպեսզի դատարանը ամեն դեպքում մեղադրական դատավճիռ կայացնի:
Կամ եթե սա ներկայացվում է որպես շփոթմունք, ուրեմն շփոթմունք է նաև, որ այս գործով ձեռք են բերվել մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ: Այսինքն՝ չի կարող գործի մի մասը շփոթմունք լինել, իսկ մյուսը՝ ոչ:
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստերի ընթացքում տուժող կողմը խոչընդոտել է դատական նիստերի բնականոն ընթացքը: Որքանո՞վ այս երևույթը կարող էր ազդեցություն ունենալ դատաքննության վրա:
-Տուժող կողմն անընդհատ պաշտպաններին և ամբաստանյալին սպառնում է, վիրավորում: Դատարանն օրենքով սահմանված կարգով պարտավոր էր կանխել դա, սակայն ոչինչ չէր անում, և ստիպված մենք էին միջնորդում, որպեսզի սանկցիա կիրառվի այդ անձանց նկատմամբ: Անգամ ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել մեկ անգամ՝ նպատակ ունենալով հասկացնել նրանց, որ նման վարքագիծ չի կարելի դատարանում դրսևորել:
Մինչդեռ, եթե մեր նպատակը դա էր, ապա պետական մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնել այդ դեպքի հետ կապված:
Մի քանի օր անց ստանում եմ որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որտեղ գրված է. «Լյուքս Ստեփանյանի հայրը իր բացատրության մեջ նշում է, որն ինքը դատարանում կարգը չի խախտել, հայհոյանքներ չի տվել, իսկ հակառակն ապացուցող որևէ տվյալ ձեռք չի բերվել»: Այս դեպքում ընդամենը պետք էր լսել դատական նիստի ձայնագրությունը և տեսնել համացանցում տեղ գտած տեսաձայնագրությունները:
Գործի սկզբնական փուլում, երբ այն ուղարկվել է դատարան՝ մակագրվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին: Վերջինս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ ազգակցական կապ է ունեցել տուժող կողմի հետ, սակայն մինչ այդ Դավիթ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել:
-Դատավորը խափանման միջոց կալանքը ընտրելու, ինչպես նաև հետագայում երկարացնելու համար որպես հիմք է նշում այս գործի հանրային հնչեղությունը: Եթե անգամ շատ փնտրենք օրենքով սահմանված կարգով նման հիմք գտնել չենք կարող: Հնչեղությունը կարող է որոշակի ազեցություն ունենալ, բայց պետք է հստակ հիմք լինի, որը սահմանված է օրենքով:
Այս դեպքում էլ այլ հարց է առաջանում: Եթե նշում է հնչեղությունը, հետևաբար տրամաբանական չէ, որ կալանքն ընտրելիս կամ երկարացնելիս նա տեղյալ չէր իր ազգակցական կապի մասին: Ու բավական մոտ կապ է նշվում:
Երբ Դավիթ Խաչատրյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, հայտնել է, որ իր ինքնաձիգից զսպանակ է բացակայում և հնարավոր է` դա է պատճառ հանդիսացել, որ այդ պատահական կրակոցն ավելի հեշտ է արձակվել:
Փորձաքննական եզրակացության համաձայն՝ զսպանակն իսկապես բացակայել է, բայց դա ձգանի ամրության հետ որևէ կապ չունի:
-Փորձագետը նշել է, որ ինքնաձիգից կրակոց կատարելու համար պետք է ձգանի վրա որոշակի ուժ կիրառել: Բայց թե որքան է այդ որոշակի ուժը չի ասվում: Միաժամանակ նշվում է նաև, որ այնպիսի ուժ, որը բացառում է պատահական կրակոցը:
Նույն փորձագիտական եզրակացության մեջ ասվում է, որ կրակոց արձակելու համար պետք է 1.8 կգ ուժ գործադրել, որպեսզի կրակոց լինի: Բայց նշված ինքնաձիգերի համար սահմավում է 1.5- 2.5 կգ ուժ, որից ստացվում է, որ դա մատային սովորական շարժումն է, որը պետք է կրակոց արձակի: Այսինքն որևէ գերբնական ուժ կիրառելու կարիք չկար:
Փաստաբանը մեզ հետ զրույցի վերջում նշեց, որ այս գործով մյուս տուժողը՝ Հրաչյա Սարգսյանը, կորցրել էր հիշողությունը, և բացի Դավիթ Խաչատրյանից որևէ մեկին չէր հիշում. «Նա Դավիթին հիշում էր որպես լավ մարդ, որպես լավ ընկեր: Դավիթը ևս բազմիցս ասել է, որ ամենամտերիմը եղել է Հրաչյայի հետ: Այսինքն՝ ի՞նչ էր եղել, որ նույնիսկ այդ դիրքից, հաշվի չառնելով մտերիմ ընկերոջը, անգամ նրան ծանր վնաս հասցնելու գնով պետք է արձակեր այդ կրակոցը: Այդ տարածքում՝ որպես ժամապահ միայն ինքն է զենք ունեցել: Եթե դա կանխամտածված սպանություն լիներ, ապա կգար մոտիկ և կկրակեր, բայց Դավիթը անգամ չի ուզեցել իր կանգնած տեղից շարժվել, քանի որ դա արգելվում էր ժամապահներին: Որևէ հանգամանք չի վկայում, որ այստեղ կա դիտավորություն»:
Երեմ Սարգսյանը վստահեցրեց, եթե ներպետական ատյաններում չկարողանան հասնել արդարության, ապա պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան:
Առաջիկայում Իրավաբան.net-ը կներկայացնի նաև սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ Արմեն Սարգսյանի փաստարկները:
Արև Ավագյան