Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստը հետաձգվեց:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին:
Վերջիններս իրենց չներկայանալը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում բացատրել էին դատարանից դատական նիստի մասին ծանուցում չստանալու հանգամանքով:
Նշենք, որ ինչպես նախորդ նիստերին, այսօր էլ դատարանը մարդաշատ էր: Այս գործի դատաքննությունը անցնում է լարված պայմաններում: Դատական նիստերը ընդհատվում են կողմերի միջև վիճաբանությունների պատճառով:
Նախորդ դատական նիստին միջադեպ էր տեղի ունեցել ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի և Լյուքս Ստեփանյանի հոր՝ Իշխան Ստեփանյանի միջև, ինչի հետ կապված պաշտպան Երեմ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
Այսօր դատարանում հասարակական կարգը պաշտպանելու նպատակով դատական կարգադրիչներ էին ներգրավվել Նոյեմբերյանից: Նախքան դատական նիստը սկսվելը դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը դատարանի նախասրահում զրույց ունեցավ Իշխան Ստեփանյանի հետ և հորդորեց դատարանում զուսպ լինել և կարգ ու կանոն պահպանել:
Հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին, ժամը 14:00-ին:
Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան