Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լյուքս Ստեփանյանի հայրը փորձել է իրեն ցած գցել դատարանի շենքից. լուսանկարներ

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված դատական նիստը թեև նախորդի նման հետաձգվեց, սակայն թեժ «շարունակություն» ունեցավ դատական նիստի դահլիճից դուրս՝ դատարանի միջանցքներում:

Այս գործով առաջին դատական նիստը պետք է կայանար 2013 թվականի դեկտեմբերի 20-ին, սակայն հետաձգվել էր մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Զաքարյանի դատական նիստին չներկայանալու պատճառով: Նա այդ օրը չէր ներկայացել աներոջ հուղարկավորությանը մասնակցելու պատճառով, ինչի մասին նախօրոք տեղեկացրել էր դատարանին: Հաջորդ դատական նիստը դատարանը նշանակել էր այսօր:
Այսօրվա դատական նիստին էլ չէին ներկայացել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները, ինչպես նաև տուժող Հրաչյա Սարգսյանը և մի քանի վկաներ: Պարզելու համար, թե ամբաստանյալի պաշտպանները ներկայանալո՞ւ են դատարան, թե ոչ, դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում:

Ընդմիջումից հետո դատավոր Զաքինյանը հայտարարեց, որ ինքը կապ է հաստատել ամբաստանյալի պաշտպանների հետ, վերջիններս հայտնել են, որ Իջևան գալու ժամանակ Երևան-Սևան ճանապահահատվածում վթարի են ենթարկվել և չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին:
Դատարանը որոշում ընդունեց հետաձգել դատական նիստը և հաջորդ դատական նիստը նշանակել 2014 թվականի հունվարի 29-ին: Դատարանի այս որոշումն առաջացրեց տուժողի իրավահաջորդի և նրա հարազատների դժգոհությունը: Նրանք հայտարարեցին, որ չեն հավատում վթարի փաստին և դատավորից պահանջեցին պաշտոնական տեղեկանք, որը կհավաստեր վթարի փաստը: Սակայն դատավոր Զաքինյանը արդեն հեռացել էր երկրորդ հարկում գտնվող իր աշխատասենյակ:

Հետագա իրադարձությունները սկսեցին զարգանալ դատարանի միջանցքում, որտեղ առճակատում տեղի ունեցավ Լյուքս Ստեփանյանի հարազատների և դատական կարգադրիչների միջև: Վերջիններս թույլ չէին տալիս, որպեսզի Լյուքսի հարազատները բարձրանան երկրորդ հարկ: Ստեղծվեց լարված իրավիճակ, աղմուկ, աղաղակ, հնչեցին հայհոյանքներ: Թվում էր, թե դատական կարգադրիչներն ի զորու չեն սեփական ուժերով իրավիճակը վերահսկել: Լարվածությունը մի փոքր մեղմացավ, երբ համաձայնություն ձեռք բերվեց հանդիպել դատավոր Զոյա Զաքինյանի հետ: Սակայն դատավորի աշխատասենյակում էլ իրավիճակն անհանգիստ էր: Լսվում էին դատարաի որոշումից դժգոհող Լյուքսի ծնողների ձայները: Անհրաժեշտություն առաջացավ շտապօգնություն կանչել: Դեռ դատական նիստի սկզբից Լյուքս Ստեփանյանի հայրը, ով նաև գործով տուժողի իրավահաջորդն էր, դժգոհում էր առողջական վիճակից և խնդրեց դատարանին, որպեսզի որպես տուժողի իրավահաջորդ հանդես գա իր կինը, քանի որ ինքը վատառողջ է և չի կարող խոսել: Դատարանը նրա միջնորդությունը բավարարեց:

Լյուքս Սեփանյանի ծնողները և հարազատները այդպես էլ չհավատացին, որ իրականում փաստաբանները վթարի պատճառով չեն ներկայացել: Նրանք համոզված են, որ պաշտպանական կողմը մտադիր է այս գործի դատավարությունը արհեստականորեն ձգձգել, որպեսզի ժամանակի ընթացքում նվազի հասարակական հետաքրքրությունը գործի նկատմամբ: Լյուքս Սեփանյանի հարազատները խոստացան, որ հաջորդ դատական նիստին ավելի շատ մարդ է գալու, եթե հարկ լինի, հազար հոգի էլ կգա: Գալու են ու պահանջեն արդար ու անաչառ դատաքննություն:

Հ.Գ. Լյուքս Ստեփանյանի հայրը, բարկության ազգեցության տակ, դատարանի երկրորդ հարկից իրեն ցած գցելու փորձ արեց, որը կանխվեց:

 

Հանրային թղթակից` Վահանգն Թամրազյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել