Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 6-ին կայացավ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Ինչպես նախորդ նիստին, տուժող Հրաչյա Սարգսյանը չէր ներկայացել: Դատարանը որոշեց դատական նիստը շարունակել տուժողի բացակայությամբ: Մեղադրող Արթուր Զաքարյանը, դեմ չլինելով տուժողի բացակայությամբ դատաքննությունը շարունակելուն, դատարանին միջնորդեց միջոցներ ձեռնարկել, վերջինիս ներկայությունը ապահովելու համար: Դատական նիստը շարունակվեց վկաների հարցաքննությամբ: Դատարանում ցուցմունք տվեցին յոթ վկաներ՝ Լյուքս Ստեփանյանի ծառայակիցներ Միշա Ջանազյանը, Սարգիս Վարդանյանը, Արամ Սողոմոնյանը,Կարապետ Դոլմաջյանը, Վահան Դավթյանը, այժմ զորացրված Գևորգ Հարությունյանը և դիվիզիոնի հրամանատար՝ փոխգնդապետ Արտյոմ Խոդերյանը:
Նախքան վկաների հարցաքննությունը սկսելը` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը դատարանին ներկայացրեց հանգուցյալ Լույքս Ստեփանյանին բնութագրող «Քվանտ» վարժարանի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Վերին Գետաշեն գյուղի դպրոցի կողմից տրված բնութագրերը և զորամասի հրամանատարության շնորհակալական նամակը և դատարանին խնդրեց դրանք կցել քրեական գործին:
Այնուհետև դատարանի դահլիճ հրավիրվեց վկա Միշա Ջանազյանը: «Ես այդ ժամանակ լվացվում էի լվացարանի մոտ, Խաչատրյան Դավիթը գետնատնակի ժամապահ էր, Ստեփանյանն ու Սարգսյանը գտնվում էին ծխարանում, տենց իրար հետ կատակ էին անում, վեճ բռնվեց իրար մեջ, էն լսեցի, որ զենքի պրեդախրանիտելը բացվեց ու զենքը լիցքավորվեց: Էդ ժամանակ ես թեքվեցի ձայնի կողմը ու տեսա, որ Խաչատրյանը նշան ա բռնել, ու իջացրեց, էդ ընթացքում ինքը …«կկրակեմ».. ու ըտեղ Ստեփանյանը ասավ «չկրակողին» ու հայհոյեց: Դրանից հետո Խաչատրյանը կրակեց ու ես նկատեցի, որ մի հոգի գլուխը կախեց, մի հոգի էլ ընկավ գետնին:».-ասաց վկա Ջանազյանը: Վկան փորձել է առաջ շարժվել և Խաչատրյանի ձեռքից վերցնել զենքը, ասելով «չկրակես», սակայն չի հասցրել՝ հնչել է ճակատագրական կրակոցը:
Երբ վկա Միշա Ջանազյանին հարցեր էր տալիս ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը, դատարանի դահլիճից միջամտեց Լյուքս Ստեփանյանի հորեղբայրը՝ Մուրադ Մուրադյանը: Սկսվեց վիճաբանություն, որին միացավ Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը: Պաշտպան Սարգսյանը դատարանից պահանջեց սանկցիա կիրառել դատական նիստը խանգարողների նկատմամբ: Դատավոր Զոյա Զաքինյանը դատարանի դահլիճից հեռացրեց Լյուքս Ստեփանյանի հորեղբորը: Պաշտպան Սարգսյանը պահանջեց դահլիճից հեռացնել նաև Իշխան Ստեփանյանին, ով այդ պահին կամավոր լքեց դահլիճը: Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությամբ հայտարարվեց տաս րոպե ընդմիջում: Ընդմիջմանը կրքերը հանդարտվեցին: Դատարանի դահլիճ վերադարձան Լյուքսի հայրը և հորեղբայրը: Մեղադրող Արթուր Զաքարյանը դատարանին հավաստիացրեց, որ դատարանի դահլիճում կարգը չի խախտվի, ինքը խոսել է Մուրադ Մուրադյանի և Իշխան Ստեփանյանի հետ: Դատարանը շարունակեց վկայի հարցաքննությունը: Պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց վկա Միշա Ջանազյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի մի մասը, քանի որ վկան որոշ մանրամասներ լավ չէր հիշում, մասնավորապես կրակոցին անմիջականորեն նախորդող դրվագները, ամբաստանյալի և տուժողների գործողությունները և խոսքերը: Ցուցմունքը հրապարակելուց հետո վկան դատարանին ասաց, որ ճիշտ է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը:
Մյուս վկան՝ փոխգնդապետ Արտյոմ Խոդերյանը դատարանին հայտնեց, որ դեպքի օրը եղել է տանը, լսելով կրակոցի ձայն, լուսամուտից նայել է ներքև և տեսել խառնաշփոթի մեջ գտնվող զինվորների: Հասկանալով, որ ինչ -որ բան է եղել արագ իջել է պահակատուն և տեսել ծխարանում մեջքի վրա ընկած մի զինվորի, որը ուժեղ գոռում էր: Այնուհետև իր մեքենայով վիրավոր զինվորին տեղափոխել է Նոյեմբերյանի հիվանդանոց և վերադարձել զորամաս: Դեպքի մանրամասների մասին նա իմացել է ականատես մի զինվորի պատմածից:
Վկա՝ ժամկետային զինծառայող Սարգիս Վարդանյանը ասաց, որ դեպքի պահին եղել է պահակատանը, կրակոցի ձայնից դուրս է եկել և տեսել վիրավոր Հրաչյա Սարգսյանին: Մեղադրող Արթուր Զաքարյանի հարցին վկան պատասխանեց, որ ամբաստանյալի և հանգուցյալ Լյուքս Ստեփանյանի միջև նախքան դեպքը հակասություններ կամ վիճաբանություններ չեն եղել: Նրանց միջև եղել են նորմալ հարաբերություններ: Պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, թե Դավիթ Խաչատրյանը ինչ -որ լուրջ պատճառ ունե՞ր Լյուքս Ստեփանյանին վնասելու համար, վկան պատասխանեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել:
Վկա Արամ Սողոմոնյանը ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի ժամանակ գտնվել է արթուն հերթափոխի սենյակում, կրակոցի ձայնը լսելուց հետո անմիջապես դուրս է եկել և տեսել մահացաԼյուքս Ստեփանյանին և վիրավոր Հրաչյա Սարգսյանին: «Զենքը Դավիթ Խաչատրյանի ձեռն էր, էդ պահին մոտավորապես եմ հիշում, որովհետև խառն էր էդ ժամանակ, լավ չեմ հիշում».-դատարանին ասաց վկա Սողոմոնյանը: Դեպքի մասին նա լսել է դեպքի վայրում եղած Հրաչյա Մարգարյանից և Արշակ Պետրոսյանից:
Վկա Կարապետ Դոլմաջյանը հայտնեց, որ դեպքի պահին ինքը ժամապահ է եղել ավտոհավաքակայանում, որը դեպքի վայրից հեռու է և ոչ տեսանելի: Դեպքի մասին իմացել է իր պահակակետից փոխվելու ժամանակ, ասել են, որ դեպք է տեղի ունեցել, սակայն ինչ դեպք, չեն ասել: Կրակոցի ձայն վկան չի լսել: Դոլամջյանը նույնպես նշեց, որ ամբաստանյալի և Լյուքս Ստեփանյանի միջև եղել են նորմալ հարաբերություններ:
Վկա Վահան Դավթյանը դեպքի պահին եղել է պահակատան արթուն հերթափոխի սենյակում, կրակոցից հետո դուրս է եկել, տեսել է Լյուքս Սեփանյանի դին և ընկած Հրաչյա Սարգսյանին: Մոտեցել, ստուգել է Լյուքս Ստեփանյանի զարկերակը և տեսել, որ զարկերակը չի խփում: Հետո ուղղել է փորի վրա ընկած Հրաչյային, որից հետո վերջինս գիտակցության է եկել:
Պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց վկա Վահան Դավթյանի ցուցմունքից հատված, քանի որ վկայի նախաքննական ցուցմունքում նշված է այլ հանգամանք, քան վկայի դատարանում նշածն է:
Վերջում ցուցմունք տվեց արդեն զորացրված Գևորգ Հարությունյանը: Նա հայտնեց, որ դեպքի պահին գտնվել է պահակատան ներսում: Կրակոցը լսելուն պես արագ դուրս է վազել, տեսել է Խաչատրյանին զինաբուրգի ծածկի տակ կանգնած, այսինքն շեղված իր տեղից, տեսնելով տեսարանը, արագ զենքը վերցրել է Խաչատրյանի ձեռքից և նրան ուղեկցել է պահակատան մուտքի մոտ: Վկան ասաց, որ ինքը դեպքին ականատես չի եղել և դեպքի մասին լսել է ուրիշներից: Լսել է, որ հայհոյանքներով վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել է կրակոց, արդյունքում զոհ և վիրավոր:
Դատարան կանչված ոչ բոլոր վկաներն էին ներկայացել այսօրվա դատական նիստին: Մեղադրող Արթուր Զաքարյանը դատարանին միջնորդեց վկաների ներկայությունը ապահովելու համար բերման ենթարկելու որոշում կայացնել:
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին:
Հանրային թղթակից` Վահագն Թամրազյան