Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ամեն ինչ կտայի, որ այդպես չլիներ». Լյուքս Ստեփանյանի գործով ցուցմունք տվեց ամբաստանյալը

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը: Նա չափազանց հուզված էր և հազիվ լսելի ձայնով էր խոսում: Թեև պաշտպանները նախքան դատական նիստը հինգ րոպեով տեսակցել էին Դավիթ Խաչատրյանի հետ, պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին խնդրեց տասնհինգ րոպե հետաձգել նիստը և հնարավորություն տալ հոգեբանորեն նախապատրաստել նրան, որպեսզի  կարողանա դատարանում ցուցմունք տալ:

«Ինչ էլ որ ասեմ, չի նշանակում, որ Լյուքսի մահվան ու Հրաչոյի վիրավորվելու մեջ ես մեղք չունեմ: Ամեն ինչ կտայի, որ այդպիսի բան չլիներ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը:

Նա ընդունեց, որ իր ապօրինի գործողությունների արդյունքում է սպանվել Լյուքս Ստեփանյանը և վիրավորվել Հրաչյա Սարգսյանը, սակայն դատարանին ասաց, որ ինքը դիտավորություն չի ունեցել, չի ցանկացել որևէ մեկին կյանքից զրկել կամ վնաս պատճառել: Նրա խոսքով՝ ինքը Լյուքսը և Հրաչյան ընկերներ են եղել, մի ընտանիքի նման: Պատասխանելով իր պաշտպանի հարցերին, Դավիթ Խաչատրյանը ասաց, որ կրակոցը պատահական է եղել, նա ընդամնեը ցանկացել է վախեցնել, սակայն զենքը իջեցնելիս ինքնաձիգը դիպել է ենթապայուսակին, ձգանը քաշվել է և կրակոց է հնչել: Պաշտպանները բազմաթիվ հարցեր ուղղեցին ամբաստանյալին, այնքան, որ մեղադրողներին և տուժող կողմին այլևս հարց չմնաց տալու: Նրանք ըստ էության կրկնում էին արդեն պաշտպանների տված հարցերը, ինչի դեմ էլ պաշտպանական կողմը մի քանի անգամ առարկեց, իսկ դատարանը ընդունեց առարկությունները:

Երեմ Սարգսյանի կարծիքով նախաքննության ընթացքում խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները: Քննիչը չի բացատրել կասկածյալին նրա իրավունքները, հնարավորություն չի տվել նրան ամբողջական ցուցմունք տալ, ինչպես դա արվեց դատարանում, այլ միանգամից սկսել է հարցեր տալ: Պաշտպանները բացարկ հայտնեցին մեղադրողներին, սակայն դատարանը միջնորդությունը մերժեց՝ համարելով այն անհիմն:

Քանի որ Դավիթ Խաչատրյանի նախաքննության և դատարանում տված ցուցմունքների միջև կային էական հակասություններ, պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել Դավիթ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը և հարցաքննության տեսաձայնագրությունը:

Պաշտպան Վաղինակ Գևորգյանը միջնորդեց դատարանին հրապարակել նաև գործով վկաներ Միշա Ջանազյանի, Արշակ Պետրոսյանի և Հրաչյա Մարգարյանի հետ առերեսման արձանագրությունները և նրանց կրկին դատարան հրավիրել: Դատարանը բավարարեց միայն առերեսման արձանագրությունները հրապարակելու միջնորդությունը:

Դատավարությունը կշարունակվի ապրիլի 17-ին:

 Հանրային թղթակից՝ Վահագն Թամրազյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել