Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Տուժողը դիրքորոշում հայտնեց. Լյուքս Ստեփանյանի և Դավիթ Խաչատրյանի միջև թշնամանք չկար

Այսօր` սեպտեմբերի 30-ին, Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի բերված բողոքը:

Այսօր վերքննիչ բերված բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց տուժող Հրաչյա Սարգսյանը: Նա վիրավորվել էր դեպքի ժամանակ: Հրաչյա Սարգսյանը պատմեց դեպքի մանրամասները. «Երբ որ հիվանդանոցում արթնացա ու կարդացի, որ դիտավորյալ է սպանել Դավիթը Լյուքսին, սկզբում ես պատասխանը չունեի՝ չէի հիշում: ժամանակն անցավ, արդեն սկսեցի քայլել ու աղոտ սկսել եմ հիշել, հիշում եմ, որ նստած ենք եղել, պարտականություններն էինք կրկնում, Լյուքսն էլ ինձ օգնում էր, Դավոն էլ ժամապահ էր կանգնած, մեզանից ժամ էր ասում, չկար ժամ: Լյուքսի հետ սկսեցինք կատակ անել Դավիթի մասնակցությամբ, ոչ մեկս էլ դրան լուրջ չենք վերաբերում, սաղս էլ ծառայող ենք, կատակ ենք անում, իրար հետ նստում, հաց ուտում»,- պատմեց տուժողը՝ հավելելով, որ իրենց մեջ թշնամանք չի եղել:  Այնուհետև տուժողը շարունակեց. 

«Կատակի ժամանակ Դավիթը զենքը պահեց դեպի մեր ուղղությամբ, ասեցինք՝ զենքը իջեցնի, զենքը իջեցրեց, էլի տենց կատակը շարունակվում էր, երկրորդ անգամը զենքը, որ պահեց, նորից ասեցինք իջեցնի, արեց, հիշում եմ էտ պահը՝ մի հատ անկապ շարժում եղավ: Վերջին բանը, որն հիշում եմ, որ բժիշկը գոռում էր՝ աչքերս չփակեի, հանկարծ չքնեին»:

Տուժողը շեշտեց, որ իր, Դավիթ Խաչատրյանի և Լյուքս Ստեփանյանի միջև թշնամանք չի եղել, նա փաստացի հաստատեց Դավիթ Խաչատրչյանի պաշտպանի վերաքննիչ բերած բողոքի այն դրույթը, որ Դ. Խաչատրյանը պատահական է կրակել Լյուքս Ստեփանյանի վրա:

Այնուհետև Դ. Խաչատրյանի պաշտպանը միջնորդեց հարցաքննել տուժողին, սակայն դատարանը խորհրդակցելուց հետո որոշեց, որ դրա կարիքը չկա: Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից ժամանակ խնդրեց ինքնաբացարկ հայտնելու համար: Նա պատճառաբանեց. «Դատարանը ցույց տվեց, որ բացարձակապես հետաքրքիր չի, թե ինչ է եղել իրականում: Որևէ կերպ ցույց չտվեց, թե այդ ինչ անկապ շարժման մասին է խոսքը»,- հայտարարեց պարոն Սարգսյանը: Դատարանը մասամբ բավարարեց միջնորդությունը՝ պաշտպանին մինչև 16:30-ը ժամանակ տալով:

Երբ դատարանը հեռացավ կտրուկ վատացավ Դավիթ Խաչատրյան ինքնազգացողությունը, նա մինչ այդ դժվարությամբ էր պատասխանում դատավորի հարցերին, նրան օգնություն ցուցաբերեցին կարգադրիչները:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել