Այսօր` սեպտեմբերի 22-ին, Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի բերված բողոքը:
Բողոքի քննության ժամանակ նա նշեց, որ իր պաշտպանյալը դիտավորյալ չի կրակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, այլ պատահաբար է դա եղել: Նա դատարանի ուշադրությունը սևեռեց այն հանգամանքի վրա, որ Դավիթ Խաչատրյանը, լինելով զինվորական ծառայության մեջ, չի խախտել կանոնակարգը և ժամապահի դիրքի գծից դուրս չի եկել. «Ուստի, հարգելի դատարան, ինչպե՞ս կարող էր Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ կրակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ»,- հարց բարձրացրեց պաշտոպան Երեմ Սարգսյանը։
Իր խոսքը հիմնավորելու համար փաստաբանը նաև ասաց, որ ի սկզբանե Լյուքս Ստեփանյանն ու Դավիթ Խաչատրյանն կատակել են իրար հետ և թշնամական մթնոլորտ չի եղել, սակայն առաջին ատյանի դատարանը հակառակն է փորձել ապացուցել:
Եզրահանգելով վերաքննիչ բողոքը` փաստաբանը առաջին ատյանի դատարանի որոշումն որակեց անհիմն` նշելով, որ իր պաշտպանյալը ընդամենը զենքի հետ վարվելու կանոններն է խախտել. «Նա դիտավորյալ սպանության միտում չի ունեցել»:
Այնուհետև խոսքով հանդես եկավ Դավիթ Խաչատրյանը, նա նույնպես շեշտեց, որ պատահաբար է կրակել. «Կարևոր չի, թե ես ինչքան կնստեմ, կարևորը, որ ես նստեմ նրա համար ինչ-որ արել եմ, ոչ թե նրա համար, ինչ ասում են, այլ նրա համար»,- ասաց նա, դատավորի այն հարցին, թե «Ի՞նչ եք Դուք արել»,- Դավիթ Խաչատրյանն պատասխանեց, որ ինքը միայն խախտել է զենքի հետ վարվելու կանոնները:
Այսօրվա դատական նիստին ներկա չէր տուժող Հրաչյա Սարգսյանը: Դատարան համարեց, որ նրա ներկայությունը պարտադիր է և հետաձգեց նիստը: