Եթե հանցանք եք գործել. ո՞ր դեպքում է հնարավոր ազատվել պատժից

ՀՀ օրենսդրության համաձայն` առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:

Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:

Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է նաև, որ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է վաղեմության ժամկետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել