ԱՄՆ-ն սպառնում է դուրս գալ Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանակցային գործընթացից դուրս գալու հնարավորությունը, եթե Ռուսաստանը շարունակի անտեսել միջազգային հանրության՝ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչի տեղակալի պաշտոնակատար Ջոն Քելլին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ճեպազրույցի ժամանակ։

«Եթե Ռուսաստանը որոշի շարունակել այս աղետալի պատերազմը, Միացյալ Նահանգները ստիպված կլինի վերանայել խաղաղ բանակցային գործընթացին իր մասնակցության հնարավորությունը»,-նշել է Քելլին։

Նա հավելել է, որ նման սցենարի դեպքում ԱՄՆ-ը չի հրաժարվի իր սկզբունքներից կամ դաշնակիցներից, բայց փաստելու է, որ Ռուսաստանը հրաժարվում է համագործակցել՝ արդյունքի հասնելու նպատակով։

Քելլին ընդգծել է, որ եթե Կրեմլը հրաժարվի բանակցություններից, հնարավոր է, Վաշինգտոնը սահմանի նոր պատժամիջոցներ։ «Պատերազմի դադարեցման պատասխանատվությունը կրում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ուկրաինան։ Ժամանակը նրանց կողմը չէ, ովքեր ձգտում են ձգձգել հակամարտությունը։ Եթե կողմերից մեկը չցուցաբերի խաղաղության գնալու պատրաստակամություն կամ ցանկություն, ապա այն պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար»,– ասել է նա։

ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը դեռևս մնում է սեղանին, իսկ պատերազմը, ըստ Քելիի, շարունակում է վնաս հասցնել ոչ միայն ռուսական տնտեսությանը, այլև ռազմական ռեսուրսներին, ազգային անվտանգությանը և միջազգային հեղինակությանը։

«Ներկայումս առաջարկվող համաձայնագիրը Ռուսաստանի համար լավագույն հնարավոր արդյունքն է։ Նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ընդունի այդ գործարքը»,- ընդգծել է Քելլին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել