ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Լավրովը Ռուբիոյին իրազեկել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 19-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին ընդառաջ ռուսական կողմի ներկայացնելիք կոնկրետ առաջարկների մասին։
Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է Թրամփի տրամադրվածությունը՝ հնարավորինս շուտ ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը, ներկայացրել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ նպաստել կողմերի դիրքորոշումների մոտեցմանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային արդիական հարցեր, կողմերը վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ շարունակել ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը։