Դատական նիստերի հետաձգում՝ ձերբակալված և (կամ) կալանավորված, տնային կալանքի տակ գտնվող անձանց ոչ պատշաճ կերպով ուղեկցելու, ուշ ուղեկցելու պատճառով։
Նույնիսկ կան դեպքեր, երբ տնային կալանքի տակ գտնվող անձն իր սեփական միջոցներով է ներկայանում տվյալ դատական նիստին՝ չնայած այն խիստ սահմանափակումներին, որոնք օրենսդիրն է սահմանում։
Սա արդիական, սակայն ստվերում թաքնված, քիչ ուսումնասիրված հարց է, ինչը հանգեցնում է դատական նիստերի անհարկի հետաձգումների, գործերի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտին հասցնելու, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների։
Կան դեպքեր էլ, երբ դատական նիստերը սկսվում են նշանակված ժամանակից ուշ, և կողմերը ստիպված են լինում սպասել մինչև մեղադրյալին կներկայացնեն դատարան։
Հիշեցնենք՝ Կառավարության 2009 թվականի N 351-Ն որոշման համաձայն՝ սահմանվում են ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալվածներին պահելու վայր, քրեակատարողական հիմնարկ, դատարան, բժշկական հաստատություն ուղեկցման, ինչպես նաև դատարանի աշխատակազմի ղեկավարի միջնորդության առկայության դեպքում դատարան, քննչական գործողությունների կատարման վայր ուղեկցման և պահպանման կարգը:
Արդյո՞ք այս կարգը պահպանվում է, ինչո՞ւ է խնդիրը շարունակում մնալ օդից կախված։
Iravaban.net-ը հարցմամբ դիմել է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ինչպես նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն, Վերաքննիչ քրեական և Հակակոռուպցիոն դատարանների նախագահներին՝ փորձելով դատավորների կազմերից ստանալ և տեղեկանալ, թե 2024 թվականի ընթացքում քանի նիստ է հետաձգվել ձերբակալված, կալանավորված անձանց դատարան ուշ տեղափոխելու պատճառով և որոնք են եղել պատճառները։
Հարցմամբ խնդրել ենք հայնտել նաև, թե հաշվետու տարում քանի նիստ է հետաձգվել տնային կալանքի տակ գտնվող անձանց պատշաճ կերպով դատարան չտեղափոխելու պատճառով, ինչը ևս իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից` չնայած նրան, որ դրա համար համապատասխան կարգավորումներ չկան։
Միաժամանակ փորձել ենք իմանալ վերոնշյալ խնդրի լուծման համար դատարանի առաջարկները կամ դիրքորոշումը, որոնք կարող են բխել նիստերի կայացման արդյունավետությունից։
Հարցմամբ նաև խնդրել ենք՝ անհնարինության դեպքում ակնկալվող հարցի պատասխանը տրամադրել դատավորների աշխատակազմերից հավաքագրված տեղեկատվությամբ։
Iravaban.net-ը ձեզ է ներկայացնում այն դատարանները, որոնք հարցմանը պատասխանել են համառոտ՝ հայտնելով, որ հարցմամբ ակնկալվող տեղեկատվության վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում։
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան
Դատարանի նախագահին հասցեագրված գրությանն ի պատասխան հայտնել են, որ տվյալ տեղեկատվության ու ժամանակահատվածի վերաբերյալ դատարանում առանձին հաշվառում կամ վիճակագրություն չի վարվում։
- Հակակոռուպցիոն դատարան
Մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նման վիճակագրություն չի վարվում, նաև նշվել է, որ այժմ նկատելի է հարցմամբ բարձրացված խնդրի լուծման տենդենց, սակայն այն դեռևս շարունակում է մնալ արդիական։
- Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
Դատարանի աշխատակազմից պատասխանել են, որ լիազորված չեն նման տեղեկատվություն տրամադրելու, քանի որ նման հաշվառում և վիճակագրություն չի վարվում։
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ գրությամբ պահանջվող տեղեկատվություն Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա չէ»։
- Կոտայքի մարզի առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարան
Հայտնեցին, որ նիստերի անցկացման ժամանակի և վայրի, ինչպես նաև դատական նիստերի կայացման կամ հետաձգման և դրանց պատճառների վերաբերալ տեղեկությունները լրացվում են «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։
Պաշտոնական վիճակագրություն չի վարվում։
Այստեղ այլ հարց է, թե արդյոք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում պատշաճ լրացվում են այն պատասխանները, որոնք չեն ստացվել դատարաններից։ Պետք է փաստել, որ ոչ միշտ է այդպես, ու հատկապես հակակոռուպցիոն քրեական և քաղաքացիական գործերով տեղադրվում են «ուշացած», ոչ ամբողջական և համառոտ տվյալներ։
«Գործնականում հաճախ են լինում դեպքեր, երբ կալանավորական գործերով դատական նիստերը հետաձգվում են կալանավորված անձանց դատարան չտեղափոխելու կամ ուշ տեղափոխելու պատճառով, որը պայմանավորված է ուղեկցող համապատասխան ստորաբաժանումներ՝ դեռևս ոչ լիարժեք համալրված լինելու հանգամանքով»,-հայտնեցին հարցմանն ի պատասխան Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից։
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ի հակադրություն այս պատասխանների, մյուս դատարանները որոշակիորեն ներկայացրել են 2024 թվականի ընթացքում հարցմամբ ակնկալվող պատասխանի վերաբերյալ առկա տեղեկատվություն։ Կային պատասխաններ, որտեղ տվյալներն առանձին ներկայացվել են դատավորների աշխատակազմերի կողմից։
Այստեղ հարկ է ընդգծել, որ մի դեպքում դատարանները հավելյալ ջանք են գործադրել հարցմանն ամբողջական, բովանդակալից պատասխանելու համար, իսկ մյուս դեպքում՝ ՀՀ դատարաններում այս խնդրի շրջանակներում մեկ միասնական մոտեցում, վերահսկողություն, ուսումնասիրություն չի վարվում։
- Վերաքննիչ քրեական դատարան
2024 և 2025 թվականների (մինչև փետրվարի 4-ը ներառյալ) ընթացքում ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից կալանավորներին չներկայանալու հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է 418 դատական նիստ։
- Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
Ի պատասխան մեր հարցման՝ հայտնել են՝ 2024 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում նույն գործով դատական նիստը հետաձգվել է 2 անգամ՝ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցների աշխատանքային ծանրաբեռնվածության և համապատասխան տեղափոխող ավտոմեքենաների բացակայության կամ դրանց սակավության հետևանքով կալանավորված մեղադրյալին դատական նիստին չներկայացնելու պատճառով, իսկ մնացած դեպքերում դատական նիստերից որևէ մեկը չի հետաձգվել։
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ըստ դատավորների աշխատակազմերից ստացված տեղեկությունների՝ 2024 թվականի ընթացքում ձերբակալված, կալանավորված անձանց դատարան ուշ ներկայացնելու պատճառով դատական նիստեր չեն հետաձգվել, դրանց կայացվել են ավելի ուշ ժամերի։
Նույն ժամանակահատվածում կալանավորված անձանց դատարան չներկայացնելու պատճառով հետաձգվել են թվով 47 դատական նիստեր, որոնցով որպես ուղեկցում չկատարելու պատճառներ հիմնականում նշվել են՝
- ուղեկցող դասակի ծանրաբեռնվածությունը,
- տրանսպորտային միջոցների անսարքությունը, բացակայությունը,
- ձմռան ամիսներին ճանապարհների անբարենպաստ լինելը։
Տնային կալանքի տակ գտնվող անձանց դատարան չներկայացնելու պատճառով հետաձգվել են թվով 8 դատական նիստեր՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների ծանրաբեռնվածության պատճառով։
Միաժամանակ հայտնեցին, որ քաղաքացիական մասնագիտացմամբ մեկ դատավորի վարույթում առկա 1 գործով, որով հայցվորը հանդիսանում է կալանավոր, նշանակվել են թվով 3 դատական նիստեր, որոնցից միայն 1-ով հնարավոր չի եղել ապահովել հայցվորի ներկայությունը՝ վերջինիս առողջական վիճակի և տվյալ օրվա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչը պատճառ է դարձել նիստի հետաձգման։
- Լոռու մարզի առաջին ատյան ընդհանուր իրավասության դատարան
Մեզ է տրամադրվել դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի, դատավորներ Տարոն Թադևոսյանի, Արմեն Շիրոյանի և Վարդան Սուղյանի աշխատակազմերից ստացված տվյալները, դատավոր Արմեն Պողոսյանի և Լուսինե Սեփխանյանի կողմից ներկայացված դիրքորոշումները։
Դատավոր Մուշեղ Հարությունյան
Վերջինիս վարույթում 2024 թվականի ընթացքում քննված գործերով անազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան չներկայացնելու պատճառով հետաձգվել է 13 գործ, որոնցից 10-ը՝ ուղեկցող դասակի ծանրաբեռնվածության պատճառով, 3-ն այն պատճառով, որ մեղադրյալը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին։ Նույն ժամանակահատվածում տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալներին դատարան չներկայացնելու պատճառով հետաձգվել է 3 դատական նիստ։
Դատավոր Տարոն Թադևոսյան
Վերջինիս վարույթում քննվող քրեական տարբեր գործերով թվով 23 դատական նիստեր հետաձգվել են ուղեկցող դասակի կողմից մեղադրյալների տեղափոխումն ու ուղեկցումը չապահովելու պատճառաբանությամբ, որը պայմանավորված է եղել ուղեկցող դասակի ծառայողական ծանրաբեռնվածությամբ, իսկ այս քրեական գործերով, որոնցով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, ուղեկցումներով պայմանավորված դատական նիստերի հետաձգումներ տեղի չեն ունեցել։
Դատավոր Արմեն Շիրոյան
Հետաձգվել է 8 դատական նիստ, որը եղել է ՆԳՆ ոստիկանության ԼՄՎ ուղեկցող դասակի ծանրաբեռնվածության և ուղեկցող դասակին ամրակցված հատուկ տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով։ 2024 թ․ ընթացքում տնային կալանքի տակ գտնվող անձինք պատշաճ կերպով տեղափոխվել են դատարան։
Դատավոր Վարդան Սուղյան
Դատավորի վարույթում գտնվող 2 գործերով 11 նիստ չի կայացել։
ԹԻՎ ԼԴ/0311/01/23 քրեական գործով՝
1․ Փետրվարի 23-ին
2․ Մարտի 1-ին,
3․ Մարտի 13-ին,
4․ Հունիսի 6-ին,
5․ Օգոստոսի 1-ին,
6․ Օգոստոսի 13-ին,
7․ Սեպտեմբերի 20-ին
ԹԻՎ ԼԴ/0173/01/24 քրեական գործով՝
Ապրիլի 30
Մայիսի 20
Հունիսի 20
Օգոստոսի 27
2024 թվականին տնային կալանքի տակ գտնվող անձանց դատարան չներկայացնելու պատճառով դատական նիստերի հետաձգումներ չեն եղել։
Դատավոր Արմեն Պողոսյանի աշխատակազմից հայտնեցին, որ 2024 թ․ վերջինիս վարույթում գտնվող դատական գործերով կայացվել են շուրջ 700 դատական նիստեր, դրանց մի մասով կայացվել են եզրափակիչ դատական ակտեր, որոնց մի մասը գտնվում է վերադաս ատյաններում, հանձնված է դատարանի արխիվ։ Դատարանի ներկայիս ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ պահանջվող տեղեկատվություն Պողոսյանի աշխատակազմից չի տրամադրվել։
Դատավոր Լուսինե Սեփխանյանի աշխատակազմից էլ հայտնել են, թե տեղեկատվությունն առկա է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարանի քրեական մասնագիտացման դատավորների աշխատակազմերի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի ընթացքում ձերբակալված կամ կալանավորված, ինչպես նաև տնային կալանքի տակ գտնվող անձանց դատարան ժամանակին ուղեկցման և ժամանակավոր պահպանման իրականացման հետ կապված նիստեր չեն հետաձգվել։
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Հայտնեցին՝ չնայած նրան, որ նման վիճակագրություն կամ հաշվառում չի իրականացվում, սակայն գրությունը ուղարկվել է դատավորների աշխատակազմեր, 2024 թվականի ընթացքում նշված խմբի անձանց պատշաճ կերպով դատարան չտեղափոխելու պատճառներով նիստեր չեն հետաձգվել։
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
2024 թվականի ընթացքում ձերբակալված, կալանավորված անձանց Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուշ տեղափոխելու կամ չներկայացնելու պատճառով հետաձգվել է թվով 35 դատական նիստ, որոնք պայմանավորված են եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող դասակի ծանրաբեռնվածությամբ։
Տնային կալանքի տակ գտնվող անձանց դատարան չտեղափոխելու պատճառով հետաձգվել է թվով 4 դատական նիստ, որը նույնպես պայմանավորված է եղել ՆԳՆ ոստիկանության ուղեկցող դասակի ծանրաբեռնվածությամբ։
«Խնդիրը, ըստ էության, հանգում է ուղեկցող դասակի ծանրաբեռնվածությամբ․ գտնում ենք, որ հարցը կարող է լուծվել միայն ուղեկցումն իրականացնող աշխատակիցների և սպասարկող ավտոմեքենաների թվաքանակի ավելացման պայմաններում»։
Iravaban.net-ը նաև հարցմամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե կալանավորված, ձերբակալված, տնային կալանքի տակ գտնվող անձանց դատարան ներկայացնելու հետ կապված ինչ խնդիրներ կան այսօր, արդյոք բավարար է ուղեկցումն իրականացնողների թվաքանակը, 2024 թվականին քանի ուղեկցում են կարողացել կազմակերպել և ինչն է եղել պատճառը։
Ի պատասխան մեր հարցման՝ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ ներկայումս քննարկվում է կալանավորված անձանց ուղեկցումները ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը փոխանցելու հարցը, և ինստիտուցիոնալ առումով որդեգրվել է այն տրամաբանությունը, որ ուղեկցման գործընթացը պետք է կազմակերպվի ըստ շահառուի, այսինքն, եթե ուղեկցվողը ձերբակալված անձ է, ապա ուղեկցումը պետք է իրականացվի ոստիկանության կողմից, իսկ, եթե կալանավորված անձ է, ապա՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Նախարարությունից նշեցին, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող ստորաբաժանումների զուտ ուղեկցում իրականացնող հաստիքների թիվը 232 է, որոնցից թափուր է 113-ը, ինչի հետևանքով գործնականում առաջանում է գերծանրաբեռնվածություն և հնարավոր չի լինում ապահովել ստացվող հայտերի ամբողջական կատարումը։
Ներկայումս տնային կալանքներով անձանց ուղեկցման կազմակերպման կարգը ՀՀ օրենսդրությամբ կանոնակարգված չէ և գործնականում իրականացվում է ոստիկանության տարածքային բաժինների ուժերի միջոցով։
Հարցմանն ի պատասխան նաև նշել են՝ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ուղեկցող ստորաբաժանումները 2024 թվականի ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմիններից ստացել են 21 հազար 119 ուղեկցման ենթակա անձանց վերաբերյալ հայտեր, իսկ տնային կալանքով ուղեկցման ենթակա անձանց վերաբերյալ՝ 4 հազար 527 հայտեր։
Ստացված հայտերից 5 հազար 581-ը հնարավոր չի եղել կատարել՝ հաստիքների ոչ բավարար համալրվածության հետևանքով։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Մարատ Ատովմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պրակտիկայում ևս պարբերաբար նման դեպքեր են լինում, ինչն այսօր դատական համակարգում լուրջ խնդիր է և չի բխում արդարադատության շահերից։
Օրինակները շատ են. նա պատմեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում մի գործով 6-7 ամիս առաջ ներկայացրել են վերաքննիչ բողոք, մինչև հիմա որևէ նիստ չի կայացել՝ հիմնական պատճառ վկայակոչելով այն, որ ուղեկցող գումարտակը Արմավիր ՔԿՀ-ից չի տեղափոխում մեղադրյալին դատարան․
«Սա պետության պոզիտիվ պարտականությունն է․ կա համապատասխան ստորաբաժանում, որը պատասխանատու է դա իրականացնելու համար, բայց նույն խնդիրը կա նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Մի քանի անգամ «Շենգավիթ» նստավայրում առնչվել ենք նման դեպքի, երբ էլի Արմավիր ՔԿՀ-ից չեն կարողացել մեղադրյալին տեղափոխել, ու այդ պատճառով նիստը հետաձգվել է»։
Նա այլ դեպք է ներկայացնում, նշում, որ «Աջափնյակ 1» նստավայրում մեկ այլ քրեական գործով դատական նիստին ուղեկցողը չէր եկել, և տնային կալանքի տակ գտնվող 2 մեղադրյալները, որոնք Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչներ են, իրենց միջոցներով տաքսիով եկել, ներկայացել են նիստին։
«Իրենք զանգել են ոստիկանություն, ասել են՝ մենք չենք կարող ձեր հետևից գալ, բայց տրանսպորտով եկեք, մեզ վերցրեք, գնանք դատական նիստին, հետո կբերեք, կիջեցնեք, կգնաք տուն։ Որպեսզի դատական նիստը չտապալվի, իրենք տաքսիով եկել են, քանի որ խափանման միջոցի հարց է քննարկվել»,-նշում է փաստաբանը։
Այս մոտեցումը խոսում է համակարգի բացերի մասին, ինչը պետք է համապատասխան գնահատականի արժանանա, ՆԳՆ-ի և պատասխանատու մյուս մարմինների կողմից լուրջ վերլուծության ենթարկի։
Փաստաբանի խոսքով՝ հատկապես մարզերում հայտնում են, որ համապատասխան աշխատակից չունեն, տրանսպորտային միջոցներ չկան, դատարանից գրություն չեն ստացել, սակայն պարզվում է՝ գրությունը ուղարկվել է, ու այստեղ էլ առաջանում է ոստիկանություն-դատարան ոչ պատշաճ կոմունիկացիայի խնդիրը։
«Ոլորտի պատասխանատուները պետք է ուղղակի վերլուծեն, հասկանան հիմնական պատճառները որոնք են՝ մարդկային ռեսուրսի պակասն է, թե տրանսպորտի, տեխնիկական միջոցներ են, դատարանների հետ կոմունիկացիայի ոչ բավարար մակարդակն է, և համապատասխան կազմակերպչական լուծումներ գտնեն, եթե պետք է հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով, եթե թերի ֆինանսավորումն է, գուցե դիմեն Կառավարություն, որպեսզի լրացուցիչ ֆինանսավորում ստանան»,-ասաց նա։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2025 թվականի հունվարի 16-ին անցնող տարին ամփոփելիս ևս հայտարարել է՝ տնային կալանքի մեջ գտնվող անձանց ուղեկցման մասով խնդիրներ կան։ Նա նշել է, որ ազատությունից զրկված մոտ 25 հազար անձի ուղեկցման խնդիր է եղել․ «Ուղեկցող ստորաբաժանումներում ընդամենը 232 հաստիք ունենք, որից 113-ը թափուր է։ Այսինքն, օբյեկտիվորեն 25․000 անձի ուղեկցման կտրվածքով աշխատում է շուրջ 100 աշխատակից, բայց սա միայն ուղեկցող ստորաբաժանման մասը»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ նոր հաստիքային փոփոխություններ են իրականացվում, բայց դա հարցի ժամանակավոր լուծում է․ «Ինստիտուցիոնալ մոտեցումը հետևյալն է. պիտի ուղեկցումը լինի ըստ շահառուի։ Այսինքն, եթե ձերբակալված անձ է, ոստիկանությունը պիտի իրականացնի ուղեկցումը, եթե կալանավորված անձ է, պիտի իրականացնի քրեակատարողական ծառայությունը, եթե տնային կալանքի տակ գտնվող անձ է, դա արդեն արդարադատության նախարարության տիրույթում է:
Հիմա ունենք մի այնպիսի իրավիճակ, որ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը օրենքով կարգավորված չէ ուղղակի, այսինքն, չկա ռելեվանտ մարմին, որը պիտի իրականացնի ուղեկցում։ Մեզ մնում է ոստիկանական ուժով օժանդակել պրոցեսի կազմակերպմանը»,- ասել է նա։
Ներկայացված ուսումնասիրությունը, թվերը, ՀՀ դատարաններում առկա իրավիճակը ցույց է տալիս, որ այժմ խնդրի լուծման ուղղությամբ ավելի հետևողական է պետք լինել, պատշաճ կազմակերպել նշված խմբի անձանց տեղափոխումը, ամրապնդել ոստիկանություն-դատարան կապը, անհրաժեշտության դեպքում նոր նախաձեռնություններ ներկայացնել օրենսդրին։ Ուղեկցող ստորաբաժանումներում այդքան թափուր հաստիքները մտահոգիչ են, և նախարարի այն պնդումը, որ ձերբակալված, կալանավորված, տնային կալանքի տակ գտնվող անձանց տեղափոխումը պետք իրականացվի առանձին մարմինների կողմից, թերևս կարող է հարցի լուծման համար էական նշանակություն ունենալ, եթե համապատասխան քայլեր մշակվեն, ընթացք ստանան։
Բացի այդ, դատական նիստերի չկայացման պատճառների վիճակագրության վարումը կարևոր դեր է խաղում դատական համակարգի արդյունավետության բարձրացման և արդարադատության մատչելիության ապահովման գործում։ Սակայն այսօր նման վիճակագրություն չի վարվում, ինչը համակարգի մյուս խնդիրներից մեկն է։
Մարիամ Շահնազարյան