Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչները պետք է հաշվարկների ու ֆինանսական տվյալների վերաբերյալ հարցեր ուղղեին հայցվոր կողմին։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ հայցվորի մյուս ներկայացուցիչն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։ Նա նշեց, որ այն հարցերը որոնք ֆինանսական մասին չեն վերաբերում, դրանց կարող են այս նիստին անդրադառնալ, քանի որ ֆինանսական տվյալները ենթակա են ավելի մանրամասն քննության․ «Արդյունավետությունից ելնելով` կարծում եմ, որ ավելի լավ կլինի հաջորդ նիստով հենց մասնագետը գա, ու ամբողջությամբ ֆինանսական մասի հարցերը փորձենք սպառել»։
Պատասխանողներ Տարոն Մարգարյանի և Գոհար Սարգսյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանն ասաց, որ նախորդ նիստերից մեկով իր հարցերի մեծ մասը գրավոր տարբերակով է ներկայացրել, և կա պայմանավորվածություն, որ այդ հարցերի պատասխանները ևս ստացվեն գրավոր տարբերակով․ «Հայցվորի հարգելի ներկայացուցիչը մի քանի նիստ առաջ մեզ ներկայացրեց համապատասխան հաշվարկներ, նշեմ, որ էդ հաշվարկների մասով էլ մենք ունենք ֆինանսական բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը դեռևս պատրաստ չէ, մի մասը որոշ չափով պատրաստ է, մի մասն էլ կախված է լինելու նախկինում իմ կողմից ներկայացված հարցերի պատասխաններով»։
Նա առաջարկեց պատասխանների գրավոր տարբերակը նախապես ներկայացնել, որպեսզի հարցուպատասխանի ընթացքն ավելի արդյունավետ լինի։
Խուդավերդյանն ասաց՝ գրավոր պատասխաններն այս պահին չկա, այն ամբողջությամբ պատրաստ չէ, կփորձեն մինչև հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 22-ը, գրավոր տարբերակը նախապես ուղարկել։
Նախագահող դատավորն ասաց․ «Սա արդեն որերորդ նիստն է, որ պետք է պարզաբանումներ տաք ֆինանսական հարցերի վերաբերյալ։ Առաջարկում եմ, որ մի քիչ ավելի ջանասիրաբար ձեր գործողությունները կատարեք»։
Պատասխանողի մյուս ներկայացուցիչները նշեցին, որ ֆինանսական հարցերը հայցի առարկայի բաղկացուցիչ մասն են, ու հարցերը հիմնականում դրան են վերաբերում։
Պատասխանողներ Նահապետ Մարգարյանի, Անդրանիկ Մարգարյանի, Կարինե Մարգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Առաքելյանը հայտնեց, որ ֆինանսական հարցերի պատասխաններից պետք է բխի իրենց հաջորդ գործողությունների շրջանակը, նաև որոշակի պարզաբանումներ տրվեն, օրինակ, նվազագույն սպառողական զամբյուղի մասով կատարված հաշվարկների ընթացքի մասին։
Դատախազն ասաց՝ գրավոր պատասխանների հարցը նախորդ դատական նիստերի ընթացքում չի քննարկվել, բայց պատասխաններն այդ տարբերակով ներկայացնելու խնդիր չի տեսնում․ «Եթե ֆինանսիստը ներկա լիներ, միանշանակ բանավոր կարգով բոլոր պարզաբանումները կներկայացվեին հենց այս նիստով, ուղղակի օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր նրա ներկայությունը»։
Լսելով կողմերի դիրքորոշումները, հաշվի առնելով մասնագետի բացակայության հանգամանքը՝ դատարանը որոշեց նիստը հետաձգել։ Հաջորդ նիստի օր նշանակվեց հոկտեմբերի 22-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան