Մոտակա 3-4 տարիների ընթացքում համակարգը Հայաստանում էլ դրական առումով տեղաշարժ կունենա․ Արմեն Եզեկյանը՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի մասին

2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ նոր քաղաքացիական գործերով դատարան ներկայացվող բոլոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:

Այդպիսի փաստաթղթեր են օրինակ՝ հայցադիմումը, դիմումը, բողոքը, պատասխանը, դիրքորոշումը, միջնորդությունը և այլն: Ինչ վերաբերում է վերոնշյալ և այլ դատավարական փաստաթղթերին կցվող փաստաթղթերին, ապա դրանք նույնպես ներկայացվում են Համակարգի միջոցով՝ սկանավորված տարբերակով, իսկ եթե կցվող փաստաթուղթը էլեկտրոնային է, ապա այն ներկայացվում է առանց սկանավորման:

Նշված կարգով չղեկավարվելու պարագայում՝ ներկայացված փաստաթղթերը կհամարվեն սահմանված պահանջներին չհամապատասխանող և վերադարձման ենթակա:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ համակարգի գործարկումը մեկ քայլ առաջ է որպես երևույթ, սակայն պրակտիկայում տարբեր խնդիրներ են առաջանում։

«Խնդիրների լուծման համար որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, պետք է պարզեցվեն այն ճանապարհները, որոնք կնպաստեն խնդիրների լուծմանը։ Դրանք և՛ տեխնիկական են, և՛ բովանդակային։ Որպես երևույթ բավականին լավ գործընթաց է, քանի որ ամբողջ աշխարհը գնում է էլեկտրոնային արդարադատության իրականացման հետքերով»,-ասաց Եզեկյանը։

Նրա խոսքով՝ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել ոլորտում։

«Գործընթացն ամբողջովին վերցված է եվրոպական առաջավոր փորձից։ Երկրներում, որոնցում գործում է համակարգը, բավականին ժամանակ է անհրաժեշտ եղել, որպեսզի այն ավելի զարգանա։ Մոտակա 3-4 տարիների ընթացքում համակարգը Հայաստանում էլ դրական առումով տեղաշարժ կունենա։ Կունենանք այն արդյունքը, որն ակնկալվում է։ Անհրաժեշտ է ժամանակ, կամք և ներդրումներ»,-նշեց իրավաբանական գիտությունների թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել