«Դուք ո՞նց եք այդ գիտելիքներով զբաղեցրել ՌՈ պետի պաշտոնը»․ դատավորը՝ վկային

Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ՝ ապրիլի 11-ին, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը ծանուցագրեր էր ուղարկել հարցաքննության համար ներկայանալու Սամվել Ղուկասյանին, Արմեն Մովսիսյան, Արմեն Առաքելյանին, Խաչիկ Բադեյանին և Մարատ Ավետիսյանին, որոնցից մի քանիսը ՀՀ-ում չեն գտնվում։

Վկաներից առաջինը հարցաքննվեց Սամվել Ղուկասյանը, նրա հետ դատական նիստին ներկա էր նաև փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Նա դատարան էր ներկայացվել  հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանի միջնորդությամբ։

N զորամասի զինծառայողներ Խաչիկ Բադեյանը (2001թ․-ից), Նելսոն Սարոյանը (2004թ․-ից), Արման Մովսիսյանը (2009թ․-ից) հրամանագրված լինելով ՊՆ ռազմական ոստիկանության ռազմական ոստիկանի պաշտոնին, ունենալով ենթասպայի կոչում, նշանակման օրվանից չեն ներկայացել զինվորական ծառայության, փոխարենը կատարել են զինծառայողի կարգավիճակից չբխող աշխատանք։ Նելսոն Սարոյանն աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ Խաչիկ Բադեյանը և Արման Մովսիսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։

Դատախազը վկային հարցրեց՝ աշխատանքային հարաբերությունների մեջ լինելով Վլադիմիր Գասպարյանի հետ, ո՞ր թվին է նա սկսել իր աշխատանքային ուղին, պատասխանեց, որ աշխատել է 1997-2011 թվականներին։

Հարցին, թե նշված զորամասում ինչ պաշտոն է վկան զբաղեցրել, նա ասաց, որ եղել է ծառայության գծով տեղակալ։

– Ի պաշտոնե սպեցզորամասից Ձեզ զեկուցե՞լ են զորամասի վիճակի, անձնակազմի առկայության վերաբերյալ։

– Անձնակազմի առկայության վերաբերյալ չեմ հիշում, անմիջական չեմ սպասարկել։

– Ո՞ր թվականից եք դարձել ՌՈ պետ։

– 2012 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի մայիս-հունիս։

– Որպես ռազմական ոստիկանության պետ՝ զեկուցե՞լ են, որ նշված զորամասում կան բացակայող զինվորներ։

– Ո՛չ, չեն զեկուցել։

– Մենք դատարանում հարցաքննել ենք Ռազմական ոստիկանության զինծառայողների, և բոլորը նշել են, որ երեք զինծառայողներ՝ Արմեն Մովսիսյանը, Նելսոն Սարոյանը, Խաչիկ Բադեյանը երբևէ այդ զորամասում ծառայության չեն ներկայացել, 2012-2017 թվականները Ռազմական ոստիկանության պետը, այդ ընթացքում ևս նրանք չեն ներկայացել, հիմա ուզում եք ասել տեղյակ չե՞ք եղել, որ 3 զինծառայողները տևական ժամանակահատվածում բացակայել են։

– Այո՛, տեղյակ չեմ եղել, չգիտեմ։

Դատախազը վկային խնդրեց, որպեսզի իր ստորագրությունը թղթի վրա ներկայացնի։ Զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ պայմանագրի տակ վկայի ստորագրությունն էր, սակայն Ռազմական ոստիկանության կողմից պայմանագիրը կնքել է Վլադիմիր Գասպարյանը, դատախազը հարցրեց՝ ինչու է այդպես, վկան ասաց, որ Գասպարյանը բացակայել էր, իրեն էլ թույլատրել է, որ ստորագրի։

Դատախազը նշեց, որ դատարանում հարցաքննվել է Արշալույս Թառփոշյանը, վերջինս ցուցմունք է տվել, որ այս զինծառայողների մասին զեկուցել է Սամվել Ղուկասյանին, որն ասել է՝ այդ զինծառայողներն օպերատիվ ծառայության մեջ են, նրանից բացի, ևս մեկ հոգի է զեկուցել Ղուկասյանին այդ մասին։

Վկան պատասխանեց, որ միանշանակ իրեն չեն զեկուցել երկուսն էլ, եթե զեկուցեին, անմիջապես կձեռնարկավեր համապատասխան միջոցներ։ Հաջորդիվ հարցաքննությունն իրականացրեց դատավորը։

– Ինչպե՞ս կբնութագրեք Ռազմական ոստիկանության վարչության, այնուհետև Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին։

– Շատ դրական, պրոֆեսիոնալ, իրավիճակին տիրապետող և ամենաբարդ օպերատիվ իրավիճակում շատ արագ կողմնորոշվող անձնավորություն։

Դատավորը հայտնեց, որ գործի նյութերում մի փաստաթուղթ կա՝ «որակավորում» վերտառությամբ «շարքային Բադեյան Խաչիկ Ադիբեկի», փաստաթղթի մեջ հանձնաժողովի անդամների անուններ են նշված՝ ՌՈ պետի առաջին տեղակալ Ստեփանյան, ՌՈ պետի տեղակալ ծառայության գծով գնդապետ, վկան ստորագրել է, որ Խաչիկ Բադեյանը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, կարդաց համապատասխան տեքստը, որի մեջ միայն դրական հատկանիշներով է բնութագրված Բադեյանը։

–  Հիմա հարց Ձեզ, այն պայմաններում, որ Խաչիկ Բադեյանը չի ներկայացել, այս ամենին չի համապատասխանում, չի ծառայել նշված զորամասում, ինչու՞ եք այս փաստաթուղթը ստորագրել։

– Ես չեմ հիշում, որովհետև 10 տարի առաջ է եղել․ չեմ կարող պատասխանել։

Դատավորը նաև ասաց, որ նշված անձանցից Նելսոն Սարոյանը ևս երբ դատարանում հարցաքննվել է, ասել է, որ երբևիցե որևէ հանձնաժողովի չի մասնակցել, որևէ քննության չի մասնակցել, բայց փաստաթղթերի մեջ նշված է, որ նա ծառայության ընթացքում դրսևորվել է որպես կարգապահ, կատարող, բանիմաց զինծառայող։

– Պարո՛ն Ղուկասյան, Հայկը Ստեփանյան, Սամվելը Ղուկասյան, Արամը Տեր-Սահակյան, Ռազմիկը Խանզադյան, Յուրան Ղարիբյան, Հովիկը Վարդանյան, Վարդանը Նադարյան, շատ ուղիղ եմ հարց տալիս, ամենայն հարգանքով Ձեր և մյուսների նկատմամբ, իրենց ուսերին այնքան գլուխ ունեի՞ն, որ ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանից կարող էին թաքցնել որևէ անձի՝ ծառայության չներկայանալը։

– Մյուսների անունից չեմ կարող պատասխանել, չեմ կարող ասել 100%-ով, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է։

– Շատ իրատեսակա՞ն էր, թե՞ քիչ իրատեսական։

– Քիչ իրատեսական։

Վկաներից հաջորդիվ հարցաքննվեց Արամ Տեր-Սահակյանը։ Նա նշեց, որ ճանաչում է Լևոն Երանոսյանին, Վլադիմիր Գասպարյանին, նրանց հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ։

Դատախազ Տիգրան Ենքոյանը հարցրեց, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել նա իր աշխատանքային գործունեության ընթացքում, վկան պատասխանեց, որ եղել է ՌՈ պետ, ապա ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ։

– Որպես օպերատիվ գծով տեղակալ՝ նշված զորամասի հրամանատարը Ձեզ ինչ-որ հարցերով զեկուցու՞մ էր։

– Ո՛չ։

– Իսկ Ձեր պարտականությունների մեջ մտնու՞մ էր որպես օպերատիվ գծով տեղակալ ստուգել անձնակազմի բացակայություններ առկա են, թե ոչ, արդյոք պատշաճ են կատարում ծառայությունը։

– Իհա՛րկե։

– Նելսոն Սարոյան, Խաչիկ Բադեյան զինծառայողները ծանո՞թ են Ձեզ, թե՞ ոչ։

– Ո՛չ։

Դատախազը հարցաքննության ընթացքում վկան անընդհատ նշում էր, որ իր ենթադրությունների մակարդակով պետք է պատասխանի հարցերին, ինչից հետո դատավոր Վարդգես Սարգսյանն ասաց․ «Դուք լավ չեք պատկերացնում հանրային մեղադրողի հարցը, ես սկսում եմ այդքան էլ լավ չպատկերացնել, թե Դուք ո՞նց եք այդ գիտելիքներով զբաղեցրել ՌՈ պետի պաշտոնը»։

– Որպես ՌՈ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ի՞նչ իրավունք-պարտականություններ եք ունեցել, ո՞րն է եղել Ձեր սեղանի ամենօրյա աշխատանքային նորմատիվ-իրավական ակտը, գիրքը։

– Օպերատիվ-հետախուզական աշխատանքների կազմակերպումը։

– Ձեզ հայտնի՞ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, կարդացե՞լ եք, ծանո՞թ եք։

– Իհա՛րկե։

– Անձը, երբ 3 օրից ավել ծառայության չի ներկայանում, հանցագործությու՞ն է, թե՞ հանցագործություն չէ։

– Էն ժամանակ հանցագործություն էր։

– Հիմա էլ է հանցագործություն։

Դատավորը հարցաքննության ընթացքում ասաց․ «Ես հարց եմ տալիս Ձեզ, եկեք իմ հարցին պատասխանեք, Ձեզ նման բազմաթիվ օպերատիվնիկների եմ հարցաքննել, հարցը շեղելու տակտիկային լավ տիրապետում եմ»։

– Կասե՞ք՝ Վարդան Նադարյանն ու Հովհաննես Վարդանյանն ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել։

– Նադարյանին ճանաչում եմ, մյուսին՝ ոչ։

– Որ մի հոդված կար ԶԼՄ-ներում, ճկույթը կտրելու և Վլադիմիր Գասպարյանին ուղարկելու մասին, «լիդեր»։

Այս գործով դատարանում հարցաքննվեց հաջորդ վկան՝ Արմեն Մովսիսյանը։

– ՀՀ զինված ուժերում ծառայե՞լ եք։

– Այո, 1999-2001։

– Ծառայությունն ավարտելուց հետո ինչո՞վ եք զբաղվել։

– Սովորել եմ, որից հետո աշխատել եմ անվտանգության համակարգում, տարբեր տեղեր։

– Ու՞մ անվտանգությունն եք ապահովել։

– Ալեքսանդր Սարգսյանի։

– Ո՞ր թվականից եք սկսել աշխատել։

– 2013, 2014 թվերին։

Վկայի խոսքով՝ աշխատել է նաև Նարեկ Սարգսյանի հետ, իսկ 2008 թվականին ոչ մի տեղ չի աշխատել։ Նա նշեց, որ մոտավորապես 2016-2017 թվականներին է հրաժարվել այդ աշխատանքից՝ այլ խնդիրներով պայմանավորված։ Մեդալով երբևէ չի պարգևատրվել, նշեց, որ Խաչիկ Բադեյանի հետ միասին են աշխատել, Ալեքսանդր Սարգսյանի վարորդն է եղել։

Վկաների հարցաքննությունն ավարտվեց, դատավորը հայնտեց, որ ևս 2 վկայի պետք է հաջորդ դատական նիստին հարցաքննեն, դատախազ Տիգրան Ենոքյանի կողմից ներկայացրած տեսագրությունը դիտեն։ Իրենց միջնորդություններով հանդես կգան դատախազ Տիգրան Ենոքյանը, պաշտպանության կողմից Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 17-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել