Կամավոր աշխատանքի ժամանակահատվածը համարվում է աշխատանքային փորձառություն․ գործատուն պետք է տեղեկանք կամ երաշխավորագիր տրամադրի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է կամավոր աշխատանքի ժամանակահատվածն աշխատանքային փորձառություն համարելու վերաբերյալ տեղեկանքի կամ երաշխավորագրի տրամադրման կարգը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրամանում նշված է, որ օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը համարվում է աշխատանքային փորձառություն՝ կազմակերպության կողմից նշված կարգին համապատասխան տրամադրված տեղեկանքի կամ երաշխավորագրի հիման վրա։

Կամավորն իրավունք ունի կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի վերաբերյալ տեղեկանք կամ երաշխավորագիր՝ կազմակերպությանը գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Կազմակերպությունը պարտավոր է գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամավորին տրամադրել տեղեկանք կամ երաշխավորագիր՝ կատարված կամավոր աշխատանքի վերաբերյալ։

Տեղեկանքը կամ երաշխավորագիրը տրամադրելու նպատակով կազմակերպությունը «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» համապատասխան պատուհանում լրացնում է կամավորի վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

2) կամավորի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

3) կամավորի` անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

4) կամավոր աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,

5) կամավոր աշխատանքն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, եթե Տեղեկանքի կամ Երաշխավորագրի լրացման պահին կամավոր աշխատանքը դեռ ավարտված չէ,

6) «սույն փաստաթղթի տրամադրման ամսաթվի դրությամբ կամավորը դեռևս կատարում է իր հետ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված կամավոր աշխատանքը» գրառումը, եթե Տեղեկանքի կամ Երաշխավորագրի լրացման պահին կամավոր աշխատանքն ավարտված չէ,

7) կամավորի հետ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված կամավոր աշխատանքի անվանումը կամ գործառույթները կամ նկարագրությունը։

Տվյալները լրացնելուց հետո տեղեկանքը կամ երաշխավորագիրը ներբեռնվում են հարթակից ինքնաշխատ տարբերակով, որտեղ արտացոլված է լինում նաև դրանց ներբեռնման ամսաթիվը։

Հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել