Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Մոսի Առուշանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ Արցախում մեծ տուն էր կառուցել։
«Կռիվը, որ սկսվեց, աղջիկս դպրոցում էր։ Շոկի մեջ էինք, չգիտեինք՝ ինչ անենք։ Ասացի՝ դուք մնացեք նկուղում, ես գնամ երեխաների հետևից։ Պայթյունների տակից երեխայիս վերցրեցի, իր ընկերուհիներին էլ վերցրեցի, մոտ ինը երեխա, վերցրեցի։ Շենքերի միջով մի կերպ, կրակի տակից էդ երեխաներին տարա իրենց տները։ Կռիվը շարունակվեց, գիշերն ավելի թեժ էր։ Իմ տունը զորամասի մոտ էր, վտանգավոր էր, գնացինք շենքի նկուղ։ Հաջորդ օրն արդեն հաց չունեինք։ Գիշերով էլի գնացինք մեր տուն հաց բերեցինք, որ երեխաներն ուտեն»,-ասաց նա։
Մոսին նշում է, որ նկուղում մոտ 40-42 հոգով են եղել։ Նրանք այտեղ մնացել են 5 օր։
«Կռիվը կանգնած էր, բայց դե դիրքերում կրակոցներ լինում էր, բայց նկուղից չէինք կարողանում հանել երեխաներն։ Գնում էինք մեր ղեկավարության մոտ, որ մեքենա տրամադրեն, ոչ ոք ոք ոչինչ չգիտեր։ Հետո զինվորական մեքենա տրամադրեցին, այդ մեքենայում 42 հոգի տեղավորվեցինք և ճանապարհվեցինք։ Մի 4-5 օր ճանապարհ ենք եկել, վատ վիճակի մեջ էինք, ոչ հաց կար, ոչ ջուր։ Մի բարի մարդ հանդիպեց, բոլորիս հաց տվեց։ Հակարիի կամրջի մոտ կանգնեցիրին, մեքենայից իջեցրին բոլոր տղամարդկանց։ Չգիտեմ՝ հրաշք էր, թե ինչ, բայց մեզ ոչինչ չասացին։ Մի դժոխք էր, որի միջով անցանք»,-նշեց մեր զրուցակիցը։
Խսելով ինտեգրման մասին՝ նա նշեց, որ պատրաստ չեն ադրբեջանցիների հետ ապրել։
«Իրար դեմ կռվել ենք, նորից ո՞նց գնանք իրենց հետ ապրենք, դա հնարավոր չի»,-ասաց Մոսին։
Նա նաև նշեց, որ որևէ ակնկալիք չունեն միջազգային հանրությունից և կառույցներից։
«Բա, երբ մենք այնտեղ էինք, գայիք, իմանայիք ինչ է կատարվում մեզ հետ։ Սոված, ծարավ ապրել ենք։ Կտրոնով հաց ենք ստացել, որ մեր երեխան մի կտոր հաց ուտի, գոյատևի, վերջում էլ այս կրակը բերեցին մեր գլխին»,-ասաց Մոսի Առուշանյանը։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան