Ավարտվեցին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի առցանց ուսուցման, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլերը

Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հաջողությամբ ավարտեցին առցանց ուսուցման, ինչպես նաև վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլը։ Առցանց ուսուցման փուլի (մեկնարկը՝ հունիսի 15) շրջանակներում ունկնդիրները Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ստեղծված elearning էլեկտրոնային ուսումնական հարթակի միջոցով վերապատրաստվեցին հակակոռուպցիոն և բարեվարքության թեմաներով, ուսումնասիրեցին 25 տեսադասերը և լրացրեցին 25 թեմաներն ամփոփող հարցաշարերը՝ գիտելիքների ստուգման և ամրապնդման նպատակով։

Առցանց փուլին հաջորդեց Վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլը (մեկնարկը՝ հուլիսի 10), որի ընթացքում անցկացվեցին մեկ տասնյակից ավել վարպետաց դասեր ոլորտի առաջատար փորձագետների կողմից, կազմակերպվեցին այցեր հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտներում գործառույթներ իրականացնող շուրջ երկու տասնյակ պետական մարմիններ և կառույցներ, որտեղ մեր ունկնդիրներն ունեցան բազմաբովանդակ քննարկումներ տվյալ մարմինների և կառույցների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց հետ։

Վարպետաց դասերի շրջանակներում դասախոսություններով հանդես եկան ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, «Բարձունք» գիտակրթական ռազմավարական ՀԿ-ի համահիմնադիր Հայկ Նավասարդյանը, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանը, Iravaban.net անկախ, մասնագիտացված լրատվական կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանը, «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ի նախագահ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամները։

Պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում ունկնդիրներն այցելեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն, Վճռաբեկ դատարան, Արդարադատության նախարարություն, Կառավարություն, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կենտրոնական բանկ, Կրթության, գիտություն, մշակույթի և սպորտի նախարարություն, Փաստաբանների պալատ, Փաստաբանական ակադեմիա, Պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Ֆինանսների նախարարություն։

Բացի ոլորտային այցերից կատարվեցին նաև այլ ուսուցողական այցեր։ Մասնավորապես, Դպրոցի հիմնական նպատակներից մեկն է ազգային դիմագծի պահպանումն ու հայրենասիրական գաղափարախոսության տարածումը, այդ իսկ պատճառով ունկնդիրներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շրջեցին թանգարաններով և ունեցան հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Ինչպես նաև երկրորդ փուլն ամփոփվեց ՊՆ N զորամաս այցելությամբ, որտեղ ունկնդիրները ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ հնարավորություն ստացան անցնել ծանոթանալ զենքին և դրա կիրառմանը։

Հակակոռուպցիոն դպրոցի վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկման սեմինարների միջոցով:

Այնուհետև լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի  «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:

Դպրոցի արտագնա փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:

Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել