Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ օգոստոսի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների՝ արտագնա (Աղվերան) ուսուցման փուլը։
Առաջինը օրն ունկնդիրների համար բանախոսել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, թեման հակակոռուպցիոն կրթությունն էր։ Նա նշել է, որ մինչև հիմա չկա կոռուպցիայի մեկ միասնական սահմանում, քանի որ այն համընդհանուր երևույթ է։ Տարբեր ժամանակներում տարբեր մարմիններ տվել են կոռուպցիայի հասկացության իրենց սահմանումը՝ ելնելով միջազգային և սեփական փորձի վրա։
«Այդ սահմանումները մեկտեղելու դեպքում կարելի է ձևակերպել հետևյալ միտքը․ կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, գործողությամբ կամ անգործությամբ արտահայտված, ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է»,-նշել է Կարեն Զադոյանը:
ԻՀԱ նախագահը խոսել է նաև, այսպես կոչված, «վերևների» և «ներքևների», ինչպես նաև համակարգային կոռուպցիայի մասին․ «Կոռուպցիան ստանում է համակարգային բնույթ, երբ բացակայում է կոռուպցիայի դեմ պայքարելու իրական քաղաքական կամք, և պետական բոլոր մարմինները փոխկապակցված են կոռուպցիոն գործարքներով»։
Այնուհետև բանախոսն անդրադարձել է հակակոռուպցիոն պայքարի փուլերին։ Դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության կողմից անհանդուրժողականության ձևավորումը, միջազգային հակակոռուպցիոն իրավական ստանդարտների սահմանում ու փաստաթղթերի ընդունումը և պետության կողմից միջազգային ստանդարտների իրականացումը։
Անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարի հենասյուներին, Կարեն Զադոյանը ևս մեկ անգամ հիշեցրել է․ 3 ուժեղ հենասյուների գոյության դեպքում է հակակոռուպցիոն պայքարը հաջողում։ Դրանք են՝ հակակոռուպցիոն կրթությունը, կոռուպցիայի կանխարգելումը և պատժի անխուսափելիությունը։
Նա ունկնդիրներին ծանոթացրել է նաև հակակոռուպցիոն ազգային ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծին, որում որպես նպատակ ներառված է նաև հակակոռուպցիոն կրթությունը և հանրային իրազեկումը։ Իրավաբանների հայկական ասոցիացիան և գործընկերների առաջարկել էին ռազմավարության մեջ առաջին անգամ ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում, 5-6 տարեկան երեխաների համար էթիկայի և բարեվարքության թեմաներով կրթական ծրագիր։ Սակայն վերջնական նախագծով նախատեսվում է մշակել և ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում, 5-6 տարեկան երեխաների համար էթիկայի, բարեվարքության և հակակոռուպցիոն թեմաներով կրթական ծրագիր։ Թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել նախարարությունն այս տարիքային խմբի համար նախատեսելով նաև հակակոռուպցիոն թեման, անհասկանալի է և չփաստարկված:
Այնուհետև մասնակիցները բաժանվել են 4 խմբի և հակակոռուպցիոն կրթության իրենց ծրագիրը մոդելավորել՝ ըստ տարբեր տարիքային խմբերի կարողությունների։
Գործնական աշխատանքը բավականին հետաքրքիր էր նաև այն պատճառով, որ դպրոցի ավարտական թեմաներից մեկը հակակոռուպցիոն կրթությունն է։
Դասախոսությունը ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն ավարտել է Լի Կուան Յուի հայտնի խոսքերով․ «Հեշտ է սկսել բարձր բարոյական սկզբունքների, կայուն համոզմունքների և կոռուպցիան արմատախիլ անելու լավագույն մտադրությունների քարոզից: Իսկ, այ, նման լավագույն մտադրություններին համապատասխան ապրելը դժվար է: Դրա համար անհրաժեշտ են ուժեղ առաջնորդներ և առանց բացառության բոլոր իրավախախտումների դեմ պայքարելու վճռականություն»:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: