Հագեցած 2 ամիս, այցեր շուրջ 2 տասնյակ պետական մարմիններ, վարպետաց դասեր ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Օգոստոսի 15-ին ավարտվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների ուսումնառությունը։ Դպրոցում ուսուցումն իրականացվել է 5 փուլերով. առցանց, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների, հանրային իրազեկման, խորացված և եզրափակիչ փուլերով։
«Այս դպրոցը 4 կարևոր խումբ գիտելիքներ և հմտություններ է ձեզ տալիս։ Առաջին մեծ խումբը դա հակակոռուպցիոնն է, 2-րդը՝ բարեխղճությունն է, 3-րդը՝ ազգային ինքնության հենասյուները և 4-րդը՝ անձի ինքնազարգացումը»,- այս մասին նշում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։
Դպրոցի ծրագիրն ունիկալ է․ որևէ բուհում կամ դպորցում նման խորությամբ գիտելիքներ չեն տրվում։ Բացի վարպետաց դասերից, ունկնդիրները բացառիկ հանդիպումներ են ունեցել Վեհափառ Հայրապետի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահների, Սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորների, Պոլիտեխնիկակական համալսարանի ռեկտորի, Կրթության, գիտության, սպրոտի և մշակույթի նախարարի հետ։
«Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր գործիքը կրթությունն է, որով զինում ենք մեր երեխաներին՝ համապատասխան իրավիճակներում ճիշտ վարվելու համար»,-ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ ասել է Ժաննա Անդրեասյանը։
Դպրոցի ունկնդիրներին ընդունել են նաև Կառավարությունում, Արդարադատության, Ֆինանսների նախարարություններում, Փաստաբանների պալատում, Փաստաբանական ակադեմիայում, Քննչական կոմիտեում, Գլխավոր դատախազությունում, Կենտրոնական բանկում, Մարդու իրավունքների պաշտպանի և Քաղաքացիական ծառայության գրասենյակներում:
Հանդիպումներին մասնակցության հնարավորություն է ստացել նաև արցախցի Աստղիկ Բաբայանը, ով հայտնի պատճառներով չէր կարող Երևան գալ։
«Շնորհակալ եմ ձեզ ակտիվ և բովանդակալից քննարկման համար։ Թեև հակակոռուպցիոն ոլորտի հարցերը մեր մանդատի շրջանակում մեծ ծավալ չեն զբաղեցնում, բայց և´ ընդհանուր միջավայրի ձևավորման, և´ գործառույթների տեսանկյունից նման քննարկումները շատ կարևոր են»,-ունկնդիրների հետ հանդիպման ժամանակ ասել է Անահիտ Մանասյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ունկնդիրներին ընդունեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա դպրոցի մասնակիցներին ներկայացրեց հանձնաժողովի հիմնական գործառույթները և այն խնդիրները, որոնց բախվում է մարմինը։
Ունկնդիրները հիշարժան հանդիպում ունեցան նաև Քննչական կոմիտեում։
«Շնորհակալություն եմ հայտնում Իրավաբանների հայկական ասոցիացիային, դպրոցին և ունկնդիրներին՝ այս դասընթացը կազմակերպելու ու դրան մասնակցելու համար։ Այս դպրոցի գոյությունը, մասնակիցների ներգրավվածությունը կարևոր դեր ու նշանակություն ունի կոռուպցիայի կանխարգելման գործում»,-հանդիպման ժամանակ ասել է Արսեն Այվազյանը։
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ, որի հետ զրուցել են կոռուպցիայի, դրա տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանց կանխարգելման ու պայքարի արդի մեխանիզմներին առնչվող հարցերի շուրջ:
Մասնակիցներին ընդունեցին նաև վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում։ Ունկնդիրներին հուզող հարցերին պատասխանեցին դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ Լիզա Գրիգորյանը և Գևորգ Գյոզալյանը։
«Ուրախ ենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիային հաջողվում է շարունակական զարգացնել և նման ծրագրեր իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում»,-նշել են դատավորները։
Գլխավոր դատախազությունում նրանց ընդունեց Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Էդգար Արսենյանը։ Նա դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց Գլխավոր դատախազության դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, առաջնահերթությունները և խնդիրները, որոնց բախվում է մարմինը։ Էդգար Արսենյանն առանձին ընդգծեց այս ուղղությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած աշխատանքը։
Սահմանադրական դատարանում ունկնդիրներին ընդունել է դատավոր Վահե Գրիգորյանը։ Ունկնդիրները դատավորին հարցեր ուղղեցին ինչպես Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության, այնպես էլ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ որոշման հրապարակման ժամկետների մասին։
Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Կան 3 արժեքներ, որոնք Սահմանադրության մեջ բացարձակ կերպով արձանագրված են և որոնց պաշտպանությունը մեր ամենօրյա աշխատանքն է։ Այս դատարանը ստեղծված է այդ արժեքները պաշտպանելու համար։ Դրանք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները և իրավական պետությունը»,-ասել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը։
Ունկնդիրներն այցելել են նաև Պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։
«Այս դպրոցի շրջանակներում դուք անհասանելի մարդկանց հասանելիություն եք ունեցել հանդիպելու»,-ընդգծել է «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ նախագահ Արեգ Թադևոսյանը։
Ունկնդիրների համար դպրոցում դասախոսել են իրենց ոլորտի պրոֆեսիոնալները․ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարատ Ատովմյանը, «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներ Հակոբ Ավագյանը, Մովսես Արիստակեսյանը և Արկադի Սահակյանը, Iravaban.net մասնագիտացված կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանը։
ՀՀ-ԵՄ հարաբերություններին, առկա համաձայնագրերին և Արևելյան գործընկերության են անդրադարձել Լուսինե Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։