«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքը լրացվել է նոր՝ 8.2-րդ հոդվածով, որով սահմանվել են վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազորությունները։
Iravaban.net-ը հայտնում է, որ այն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։
Փոփոխության համաձայն՝
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը`
1) վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռ փոխադրողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում իրականացնում է վտանգավոր բեռի ուղեկցումը անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով.
2) տալիս է համաձայնություն վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղու վերաբերյալ.
3) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ առաջացած վթարների դեպքում իրականացնում է բնակչության և տարածքների պաշտպանությանը, վթարների վերացմանն ուղղված միջոցառումներ.
4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հավելենք նաև, որ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի համաձայն՝ վտանգավոր բեռը՝ վտանգավոր նյութը, հումքը, վտանգավոր թափոններն եմ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները։
Վտանգավոր բեռ փոխադրողը վտանգավոր բեռը փոխադրելու համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձն է, որն իրականացնում է վտանգավոր բեռի փոխադրումը։
Վտանգավոր բեռի փոխադրումը արտադրության կամ պահպանման վայրից (սկզբնակետ) նշանակման վայր (վերջնակետ) վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված գործունեություն, որն ընդգրկում է վտանգավոր բեռի, դրա տարաների, տրանսպորտային միջոցների, բեռի ընդունման, փոխադրման, հանձնման գործողությունների իրականացման, ինչպես նաև փոխադրման բոլոր փուլերում բեռի կարճաժամկետ պահպանման հետ կապված աշխատանքները։