Ռուսաստանը հայկական կողմից ակնկալում է նախաձեռնողական քայլեր Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման ուղղությամբ բովանդակային աշխատանքները վերսկսելու, մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հակաարդյունավետ է համարում Հայաստանի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ-ի վերաբերյալ հրապարակային քննադատությունը։ Նա նշել է, որ տարակուսելի է, որ Հայաստանի ղեկավարությունը ՀԱՊԿ-ի արդյունավետությանը վերաբերող հարցերը քննարկում է ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս։
«Դրա համար ՀԱՊԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, և ամենակարևորը՝ այս կազմակերպության անդամները պատրաստ են ոչ միայն այս ամենը լսել և քննարկել, այլ նաև պատրաստ են աշխատել այս ուղղությամբ»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։