Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր՝ հունվարի 26-ին, բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։ Ծրագիրն իրականացնելու համար համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ։
Լաբորատորիաների բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները։
«Մենք այսօր բացում ենք 8 համակարգչային լսարան, որոնց Team-ը նվիրաբերել է թվով 200 երեքը մեկում համակարգիչներ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց կարևոր է համակարգչային գույքը։ Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի բոլոր ուսանողները, այդ թվում նաև Քոլեջի ուսանողները»,-նշեց Գոռ Վարդանյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Պոլիտեխնիկը ԽՍՀՄ տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ բուհը, տվել է մեծ թվով ինժեներներ։ Նա վստահ է, որ համալսարանը կարող է իր այդ անունը վերականգնել։
«Գործատուների և կրթության համակարգի միջև կապը շատ ավելի սերտ է դառնում։ Մենք նաև հասկանում ենք, թե գործատուներին ինչ կադրեր են պետք և մենք մեր կրթական ծրագրերը համապատասխանեցնում ենք աշխատաշուկայի պահանջներին»,-նշեց նա։
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն անդրադառնալով շրջանավարտ-համալսարան համագործակցությանը՝ նշեց, որ աշխարհի առաջատար կրթական հաստատություններից շատերի գործունեության շարունակականությունն ու զարգացումը ապահովվում է իրենց շրջանավարտների աջակցության շնորհիվ։
«Սա մի այդպիսի փոքր քայլ է Պոլիտեխնիկական համալսարանին շնորհակալ լինելու այն ամենի համար, ինչ տվել է ինձ և՛ որպես անհատ, և՛ որպես մասնագետ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ այժմ ուսանողներն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած լաբորատորիաներ և հուսով եմ, որ դրանք կօգտագործվեն իրենց ամբողջ ծավալով»,-նշեց նա։
Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում կրթության զարգացմանը աջակցելը։
«Նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու և այն բարեփոխումները, որոնք սկսվել են կրթական ոլորտում, մասնավորապես՝ Պոլիտեխնիկում, շատ ողջունելի են։
Բիզնեսը պետք է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում անի քայլեր՝ կրթության զարգացման համար։ Նույն բիզնեսը կախված է կրթության որակից և մենք դա գիտակցում ենք։ Մշտապես լինելու ենք նման ծրագրերի կողքին»,-նշեց Ալեքսանդր Եսայանը։