Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետ հետ հանդիպմանը և «Զանգեզուրի միջանցքի» թեման վերաբերող հարցին:
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
Լրագրող
– Ինչպես գիտենք, «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեռ կան խնդիրներ։ Ինչ եք կարծո՞ւմ, Պրահայում եղած Ձեր հանդիպումից հետո Փաշինյանը կկարողանա՞ համոզել իր հասարակությանն այս հարցում: Եվ երկրորդ՝ Պրահայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկում եղե՞լ է:
Էրդողան
– Այնտեղ նեղ կազմով հանդիպում ունեցանք: Այնտեղ էին Փաշինյանը, նաև պարոն Իլհամը, Հունգարիայի վարչապետ Օրբանը: Դրանից հետո էլ, իհարկե, պատվիրակություններով հանդիպեցինք և, բնականաբար, քննարկեցինք այս հարցերը։ Բայց ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև Միջին միջանցքի թեմային Ստամբուլի ջրանցքի կառուցման համատեքստում: