Պուտինը ցավակցել է Դուգինին՝ «ստոր և դաժան հանցագործություն» որակելով նրա դստեր սպանությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, եվրասիական ինտեգրման գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը՝ ցավակցական հեռագիր հղելով նրա ծնողներին: Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված հեռագրում Ռուսաստանի նախագահը ստոր և դաժան հանցագործություն է որակել Դարյա Դուգինայի սպանությունը:

Կրեմլի ղեկավարն իր անկեղծ ցավակցությունն ու աջակցության խոսքերն է հայտնել նրա ծնողներին՝ Ալեքսանդր Դուգինին և Նատալյա Մելենտիևային՝ նրանց պատուհասած ծանրագույն, անդառնալի կորստի կապակցությամբ:

«Ստոր և դաժան հանցագործությունը ընդհատեց Դարյա Դուգինայի՝ պայծառ, տաղանդավոր մարդու, իսկական ռուսական սիրտ ունեցող, բարի, սիրող, գթասիրտ ու անկեղծ անձնավորության կյանքը: Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից. նա ազնվորեն ծառայում էր մարդկանց, հայրենիքին և գործով էր ապացուցում՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի հայրենասեր», – նշել է Պուտինն իր հեռագրում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանցի հասարակական գործիչ, փիլիսոփա, «Միջազգային եվրասիական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությունը տեղի էր ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով երեկոյան 21:00-ի սահմաններում: Մերձմոսկովյան Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ պայթել էր նրա վարած Land Cruiser Prado ավտոմեքենան: Հաջորդ օրը՝ օգոստոսի 21-ին, Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ Դուգինայի սպանությունը պատվիրված է եղել: Իսկ օգոստոսի 22-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանության ետևում ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած: Ըստ ԱԴԾ-ի տվյալների՝ սպանության անմիջական կատարողը Ուկրաինայի 43-ամյա քաղաքացի Նատալյա Վովկն է, որը հանցագործությունն իրականացնելուց հետո փախել է Էստոնիա: Սակայն Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը Դուգինայի սպանության հետ որևէ առնչություն չունի։

Ալեքսանդր Դուգինի դստեր սպանությունը լայն արձագանք է ստացել միջազգային մամուլում: Բրիտանական BBC-ն, ամերիկյան CNN-ը Դուգինին անվանում են Պուտինի «մերձավոր դաշնակից» և Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության «հոգևոր առաջնորդ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել