Բորիս Նեմցովի հիմնադրամն իր ամենամյա մրցանակը շնորհել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խիզախության համար։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Հաղորդվում է, որ պատերազմի տարիներին հիմնադրամը որոշել է մրցանակին առաջադրել Ուկրաինայի ներկայացուցիչներին, մինչ այդ դրա դափնեկիր են դարձել միայն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ակտիվիստները։ Մեկ տարի առաջ այն ստացել է Ալեքսեյ Նավալնին: 2022 թվականին ցուցակում էին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Okean Elzy-ի առաջնորդ Սվյատոսլավ Վակարչուկը, Boombox-ի ղեկավար Անդրեյ Խլիվնյուկը և ուկրաինացի բուժաշխատող Յուլիա Պաևսկայան:
Հաղթողը՝ Վլադիմիր Զելենսկին, ընտրվել է հիմնադրամի հիմնադիրների և խորհրդի վարկանիշային քվեարկությամբ։ Ըստ հիմնադրամի խորհրդի՝ Ուկրաինայի նախագահը ցուցաբերել է անհավանական քաջություն, որն իրենից ոչ ոք չէր սպասում։
«Մենք մրցանակը տալիս ենք ոչ անցյալի, ոչ ապագայի համար։ Մենք մրցանակ ենք տալիս այն ամենի համար, ինչ մարդը արել է այստեղ և հիմա, այս տարի։ Վլադիմիր Զելենսկին մնաց Կիևում և որոշեց իր ժողովրդի հետ միասին պաշտպանել իր հայրենիքը։ Նա համարձակություն դրսևորեց։ Նրա այն խոսքերը, որ ինքը տարհանման կարիք չունի, այլ զենքի կարիք ունի, խոսում են նրա անհավանական խիզախության մասին»,- նշված է հիմնադարմի տարածած հաղորդագրության մեջ։
Բորիս Նեմցովի անվան հիմնադրամը հիմնադրվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին Գերմանիայում նրա ավագ դստեր՝ Ժաննա Նեմցովայի կողմից։ Կանոնադրության համաձայն՝ հիմնադրամը մտադիր է զարգացնել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվության ազատությունը, կրթություն և բարձրագույն ուսուցումը, ռուս-գերմանական երկխոսությունը, Ռուսաստանի և նրա քաղաքացիների ընդգրկումը համաեվրոպական օրակարգում և եվրոպական արժեքների առաջմղումը: