Զախարովան՝ Հայաստանի պատգամավորների մուտքը Արցախ արգելելու մասին

Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս այցը նախապես համաձայնեցված չէր խաղաղապահների հրամանատարության հետ: Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը», – ասվում է մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ հաշվի առնելով միջադեպերը, որոնք տեղի են ունեցել ինչպես խաղաղապահների պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, երկու կողմերը զերծ կմնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը տարածաշրջանում։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-նշվել է հայտարարությունում:

Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ գործելակերպը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ապահովելու համար։ Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել