Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետությունը կբարձրանա միայն պատշաճ վարչարարության իրականացման դեպքում․ Թամարա Շաքարյան

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ինչպես վարչական արդարադատության, այնպես էլ վարչական վարույթի արդյունավետության բարձրացում։ Ռազմավարությամբ նախատեսվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում, վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացում և այլն։

Թեմայի վերաբերյալ Իրավաբան․net-ը խոսել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, փաստաբան Թամարա Շաքարյանի հետ։

-Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախատեսվում է վերացնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարչադատավարական կարգը։ Այս փոփոխությունը չի՞ նպաստի վարչակազմի կողմից թույլատրվող խախտումների ավելացմանը, ի՞նչ եք կարծում այս մասին։

-Չեմ կարծում, որ կարող է նման բան նախատեսվել և սահմանափակել բողոքարկման հնարավորությունը: Սակայն, եթե խնդիրը քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակայության հստակեցումն է, այն անհրաժեշտ է, և այն բխում է նաև Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1439 որոշումից, որի համաձայն դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանության վերաբերյալ իրավակարգավորումները կարող են նախատեսվել ինչպես վարչական դատավարության, այնպես էլ քրեական դատավարության կամ այլ օրենսդրության շրջանակներում, ուստի մինչև Ազգային ժողովի կողմից առկա համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից:

-Վարչական դատարանը առավել ծանրաբեռնվածներից է։ Գրավոր և պարզեցված ընթացակարգերի կիրառումը վարչական դատավարությունում էական ազդեցություն կունենա՞ն գործերի արագ լուծման և դատավորների բեռի թեթևացման վրա։

-Կարծում եմ՝ այո, քանի որ մեծ ծավալով դատական ռեսուրսներ են օգտագործվում այնպիսի գործերի վրա, որոնցում բանավոր դատաքննությունը կրում է առավելապես ձևական բնույթ, դրանով իսկ ազդելով բարդ գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովման վրա: Օրինակ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ավտոկայանման տուրքի չվճարման (այսպես կոչված` կարմիր գծերի) վերաբերյալ կազմված վարչական ակտերի բողոքարկման դեպքում հայցվորը կամ նրա ներկայացուցիչը, որպես կանոն, չեն ներկայանում դատական նիստերին, հետևաբար բացակայում է նաև բանավոր կարգով գործի քննության անհրաժեշտությունը: Ի դեպ, դատավարական խնայողության սկզբունքի իրագործման ուղղված կլինի նաև պարզեցված ընթացակարգերի ներդրումը:

Հարկ է նկատել, որ օրենսդրական նման փոփոխություն կատարվել է դեռևս անցյալ տարի մայիսին՝ սահմանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշ հոդվածներով /ՃԵԿ կանոների մասով/ նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության իրականացման գրավոր ընթացակարգ, ինչը չի կարող չնպաստել դատարանի ծանրաբեռնվածության վրա:

-Փետրվարի 9-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքով նախատեսվող փոփոխությունները, որով 3-րդ ատյանի դատարանում նոր պալատ ստեղծվեց։ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա վարչական արդարադատության վրա։

-Թերևս մի փոքր ուշացած, բայց ողջունելի օրենսդրական նախաձեռնություն էր, քանի որ առանց Վճռաբեկ դատարանում համապատասխան մասնագիտացված պալատի չի կարող ապահովված լինել Վերաքննիչ դատարանի դատական ակտերի վերանայման արդյունավետությունը, քանզի քաղաքացիական և վարչական գործերով պալատի թերևս 2 կամ 3 վարչական մասնագիտացում ունեցող դատավորների առկայությունը բավարար երաշխիք չէ վարչական արդարադատության ոլորտում գործի արդյունավետ և մասնագիտացված քննության իրականացման համար:
Կարծում եմ, վարչական պալատի ստեղծումը ինչպես կնպաստի աշխատանքի բեռնաթափմանը Վճռաբեկ դատարանում, այնպես էլ մասնագիտացման գործոնի հստակ արտահայտվածությունը բոլոր ատյաններում կապահովի վարչական արդարադատությունում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը:

-Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը այդպես էլ չընդունվեց, չնայած դա հարցի լուծում է համարվում։ Գործող օրենսգիրքը ընդունվել է 1985 թվականին: Ինչ խնդիրներ է սա առաջացնում պրակտիկայում։ Ըստ Ձեզ, ինչու՞ է այսքան ձգձգվում նոր օրենսգիրք ունենալու գործընթացը։

-Բազմիցս խոսել եմ տարբեր հարթակներում Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը ընդունելու անհրաժեշտության և գործող օրենսգրքում առկա բազմաթիվ թերությունների մասին: Գրեթե բոլոր տարիներին դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններում նշվում է նոր օրենսգիրքն ընդունելու հրատապության և անհրաժեշտության մասին, սակայն, 2010 թվականից սկսած այդ նախաձեռնությունը ավարտին չի հասնում: 2014 թվականին մշակվեց ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ նոր նախագիծ, որին միջազգային փորձագետների կողմից տրվեց աննախադեպ բարձր գնահատական, սակայն առ այսօր այն ընդունելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Ավելին, նոր Քրեական օրենսգիրքը ընդունվեց առանց նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը ընդունելու, թեև դրանք միասին ընդունելու հիմնավորում էր ներկայացված Արդարադատության նախարարությանը, այն պատճառաբանությամբ, որ այդ երկու նախագծերը մշակվել են համաժամանակյա և արվել է ամեն ինչ՝ հակասություններ և բացթողումներ չունենալու համար:

Ինչ վերաբերում է այն չընդունելու ձգձգմանը, ես կարծում եմ, բարդ, բազմոլորտ ու ծավալուն օրենսդրական ակտի նախագիծ է, որի ընդունման համար բացակայում է բացառապես նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտների կամքը, որևէ այլ խոչընդոտ ես չեմ տեսնում:

-Ռազմավարությամբ ամրագրված այս նպատակի ուղղություններից մեկը վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացումն է։ Նշվում է, որ օրինակ, հնարավոր կլինի սահմանափակել ՀՀ վարչական դատարանի այն գործերով վճիռները բողոքարկելու հնարավորությունը, որոնցով վիճարկվող վարչական ակտերով կիրառված տույժի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։

Արդյո՞ք այստեղ խնդիր տեսնում եք Դուք։ Կամ ունե՞ք խնդրի լուծման այլ տարբերակ, որով վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետությունը կբարձրանա։

-Գիտեք՝ վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման նպատակը դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումներ նախատեսելու համատեքստում անհասկանալի է, թերևս այն հիմնավորմամբ, որ նախ Հայաստանում առկա չէ վարչարարարության պատշաճ որակ: Ուստի նախ և առաջ անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանում վարչարարության որակը, և երբ կունենաք վարչարարության բարձր որակ, այն ժամանակ կարող ենք նախաձեռնել դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար բողոքարկման սահմանափակումներ՝ երաշխավորելով անձի համար վարչական կարգով իր ակտերի վերանայման պատշաճ քննություն:

Ինչ վերաբերում է վարչական դատարանի վճիռները բողոքարկելու հնարավորության սահմանափակմանը, կարծում եմ, անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման առումով խնդիր չառաջանալու դեպքում, կարելի է այն կիրառել միայն վարչական մարմինների համար:

Այս համատեքստում տեղին է հիշել նաև այն, որ անշուշտ դատարանի ծանրաբեռնվածության վրա ազդեցին պետական տուրքի բարձրացումները, կամ օրինակ՝ ճանապարհային ոստիկանության կայացրած վարչական ակտերի դեմ բերված հայցադիմումներով պետական տուրքի սահմանումը նախկին պետական տուրքից ազատված լինելու կարգավորման փոխարեն, սակայն դա ուղղակի ազդեցություն ունեցավ անձի դատական պաշտպանության իրավունքի վրա, նույնպես առանց վարչարարության պատշաճ որակի ապահովման: Հետևաբար, այդ դեպքերում, պետք է օրենսդրորեն պետական տուրքը հետաձգելու հնարավորություն նախատեսվեր:

Չկրկնվեմ, բայց վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետությունը կբարձրանա միայն պատշաճ վարչարարության իրականացման դեպքում: Օրինակ՝ արտակարգ դրության ժամանակ մենք ականատես եղանք տեսուչների գործունեության բազմաթիվ թերությունների, որոնք կարող էին և չլինել, եթե վերադասության կարգով կազմվեին համապատասխան ցուցումներ կամ ուղեցույցեր համապատասխան նորմերի կիրառման վերաբերյալ՝ դրանով իսկ ապահովելով վարչարարության միասնական պրակտիկան արտակարգ դրության ժամանակ կատարված իրավախախտումների մասով:

Կամ տարիներ շարունակ ականատես ենք լինում վարչական դատարանների կայացրած ակտերում արտահայտված դիրքորոշումների անտեսմանը, օրինակ՝ երթեկելիս ամրագոտիների չամրակապման, հեռախոսով խոսելու իրավախախտումների մասով, որպես կանոն, գրեթե բոլոր վարչական ակտերը ճանաչվում են անվավեր, սակայն վարչական մարմիններն առանց դրանք վերադաս դատարան բողոքարկելու, այսինքն՝ լռությամբ ընդունելով այդ դիրքորոշումները, շարունակում են նույն գործելաոճը և նույնաբնույթ հիմնավորումներով վարչական ակտերի կայացումը:

Վարչարարության պատշաճ որակի բարձրացմանը կնպաստեն համապատասխան վերապատրաստման դասընթացները, մասնավորապես, պրակտիկ հմտությունների կատարելագործման ուղղությամբ, վարչական վերադաս մարմինների միասնական պատշաճ կազմակերպված ներքին վարչարարությունը, մասնավորապես, անհրաժեշտ ցուցումների, ուղեցույցերի ընդունման ձևով, որոնցում կարող են սահմանավել նաև վարչական դատարանի կայացրած դատական ակտերի դիրքորոշումներով առաջնորդվելու պահանջ, ինչպես նաև վարչական ակտերի անվավեր ճանաչելու պարագայում նաև պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել