Սերժ Սարգյանը՝ Տիգրան Սարգսյանին. «Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ»

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ, որի ընթացքում, խոսքն ուղղելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, նախագահ Սերժ Սարգսյանը նկատել է.

«Պարո՛ն վարչապետ,

Ես տեսա, որ Դուք արդեն հանձնարարել եք բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին՝ հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին: Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ: Մենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք: Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որևէ այլ, պետք է լուծվեն և պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին: Իմ կարծիքով, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են: Գոնե ես այդպես եմ մտածում: Մենք մեր նախորդ քննարկումներից հետո հետևում ենք կատարվող աշխատանքներին: Կարևորում ենք բոլոր այն քայլերը, որ մեզ պիտի տանեն.

– էլեկտրոնային գնումների դաշտում առկա խնդիրների վերացմանը: Մենք ժամկետներ ենք պայմանավորվել և խնդրում եմ հստակորեն այս ժամկետները պահպանել:

– գնումների հաշվետվությունների ստացմանը, վարմանը և սահմանված կարգով հրապարակմանը: Եվ պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո 1, 2 կամ 3 օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին և այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի և ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք: Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք: Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք:

– գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության և պատվիրատուների համակարգված գործունեությանը: Սա չափազանց կարևոր է: Եվ այս երեք միավորները մշտապես, իրոք, պետք է համակարգված աշխատեն և պետք է երևա համակարգողի դերը:

– բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերի կրճատմանը: Բայց այստեղ ուզում եմ որոշակի բացատրություններ տալ, որովհետև ես երևույթներ եմ նկատում, երբ մեր այս պահանջը փորձում են ի չարս գործադրել, փորձում են որպես առիթ օգտագործել և ասել, քանի որ մենք սահմանափակված ենք մեկ աղբյուրից գնում կատարելու հարցում, ստիպված մրցույթ հայտարարեցինք և մրցույթին ահա այսպիսի առաջարկություններ կային: Իմ ասածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մրցույթին մասնակցում են սահմանափակ քանակով մատակարարներ, որոնց առաջարկած ծառայությունները և ապրանքներն ակնհայտորեն բարձր են նրանց իրական արժեքից: Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել կապված դեղերի ձեռքբերման հետ: Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում 4500 դրամին մոտ 1 սրվակի համար, և երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, և ինչքան էժան, 2-3 դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են այս մեկը 2 դրամ պակաս է տվել: Ակնհայտ չէ՞, թե ինչու է այս մեկը 2 դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որևէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը:

– Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը: Եվ սա պետք է լինի ոչ թե ձևական, մենք տառակերությամբ չպետք է զբաղվենք, այլ պետք է իրականությունը կարողանանք ճիշտ գնահատել: Ինձ համար ավելի ընդունելի կլինի, եթե գերատեսչության ղեկավարը, պահպանելով, իհարկե, որակական չափանիշները, նվազեցնի ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գները, քան թե այն ղեկավարը, որը պետք է ղեկավարվի օրենքի տառով, բայց արդյունքում ունենանք անհասկանալի գներով ձեռքբերված ապրանքներ և ծառայություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել