Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնած ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է, հայտնում է Sputnik Բելառուսը՝ վկայակոչելով գործընթացին մոտ կանգնած աղբյուրը։
«Ուկրաինական պատվիրակությունն արդեն գտնվում է բանակցությունների վայրի մուտքի մոտ։ Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի այսօր առավոտյան»,- ասվում է գործակալության Telegram-ի ալիքում։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել է, որ տեղանքն արդեն պատրաստ է, և այժմ սպասվում է պատվիրակությունների ժամանումը։
Հիշեցնենք, որ բանակցությունները պետք է տեղի ունենային օր առաջ. Ռուսաստանի ներկայացուցիչները՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, ժամանել են Գոմել՝ ուկրաինական կողմի ընտրած քաղաք։ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցից հետո հանդիպումը համաձայնեցվել է, այն կկայանա Գոմելի շրջանում՝ Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետում։