Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնական փոփոխությունները
Օրենսդրական փաթեթով առաջարկվում են ծավալուն փոփոխություններ, որոնք հիմնականում ուղղված են ՀՀ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) գործառույթների ընդլայնմանը, կարգավորումների հստակեցմանը և ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավմանը:
- Զինվորական կոչումներից դասային աստիճաններին անցում
Առաջարկվում է ԱՀԾ ծառայողների համար կոչումների փոխարեն սահմանել դասային աստիճաններ:
- Սահմանվում են 9 դասային աստիճաններ՝ «Արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզ»-ից մինչև «Արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ»։
- Սահմանվում են դասային աստիճանների շնորհման ժամկետները (օրինակ՝ իններորդ դասի հետախույզի համար՝ 1 տարի, ութերորդ դասի՝ 2 տարի և այլն)։
- Դասային աստիճանների փոխարինումը նպատակ ունի խուսափել ԱՀԾ-ն զինվորական ծառայության հետ նույնացնելուց։
- Ծառայողների իրավունքների և լիազորությունների ընդլայնում
Օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվում է կատարել մի շարք լրացումներ, որոնք ընդլայնում են ԱՀԾ գործառույթները:
- Ծառայությունն իրավունք է ստանում ձերբակալել իր պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց
- Ծառայությունը կարող է իրականացնել հակահետախուզական գործառույթներ սեփական անվտանգության ապահովման նպատակով
- Ամրագրվում են ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները
- Հեռախոսային հաղորդակցության վերահսկման իրավունք
Առաջարկվող փոփոխություններով ԱՀԾ-ն իրավունք է ստանում ինքնուրույն իրականացնելու թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում՝ սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով:
- Այս գործառույթի համար կպահանջվի դատարանի թույլտվություն։
- Հրատապ դեպքերում ԱՀԾ-ն կարող է սկսել միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դատարանի որոշումը։
- Սահմանված են հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմներ։
- Ծառայության պետի և աշխատակիցների կարգավիճակի հստակեցում
Նախագծով առաջարկվում է հստակեցնել Ծառայության պետի և նրա տեղակալների կարգավիճակը:
- Ծառայության պետի և տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են և չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում։
- Ծառայության պետի և տեղակալների պաշտոն կարող են զբաղեցնել միայն ՀՀ քաղաքացիներ։
- Ծառայության ծառայողների համար նախատեսված իրավունքներն ու երաշխիքները տարածվում են նաև պետի և տեղակալների վրա։
- Կադրային քաղաքականության բարելավում
Նախագծով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ծառայողների առաջխաղացմանը, տեղափոխմանը և փոխադրմանը:
- Սահմանվում է փորձաշրջանի ինստիտուտ (մինչև 6 ամիս)։
- Կարգավորվում են բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի նշանակման հարցերը։
- Սահմանվում են կադրերի ռեզերվում գտնվելու պայմանները։
- Որպես խրախուսանքի միջոց ավելացվում է կարգապահական տույժի ժամկետից շուտ հանումը։
- Ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավում
Նախագիծը զգալիորեն ընդլայնում է ծառայողների սոցիալական երաշխիքները:
- Ավելացվում է հայրության արձակուրդ (5 աշխատանքային օր)։
- Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ կտրամադրվի նաև տղամարդ ծառայողներին։
- Լրացուցիչ արձակուրդ է նախատեսվում երկարամյա ծառայության համար (15-25 տարվա համար՝ 10 աշխատանքային օր, 25 և ավելի տարվա համար՝ 15 աշխատանքային օր)։
- Բարելավվում են ծառայողների կենսաթոշակային երաշխիքները։
- Նախատեսվում է միանվագ նպաստի վճարում ծառայությունից ազատվելիս՝ կախված ծառայության տարիներից։
- Արտոնյալ կենսաթոշակի նշանակում
Փաթեթով առաջարկվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ:
- Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ կնշանակվի նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունում քաղաքացիական աշխատանք կամ տեխնիկական սպասարկում իրականացրած անձին, եթե լրացել է նրա 55 տարին և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 տարին աշխատել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունում։
Փոփոխությունների անհրաժեշտությունը
Նախագծի հիմնավորման համաձայն, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հետևյալ գործոններով.
- Օրենքում բացահայտվել են մի շարք բացեր և անհստակություններ, որոնք խոչընդոտում են ծառայության արդյունավետ գործունեությունը։
- Առկա է Ծառայության և դրա աշխատակիցների պատշաճ գործունեությունն ապահովելու համար մի շարք իրավահարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտություն։
- Հստակեցման կարիք ունեն ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման դեպքերը։
- Դասային աստիճանների ներմուծումը կօգնի խուսափել զինվորական ծառայության հետ նույնացումից և դրանից բխող երկիմաստություններից։
- Ծառայության սոցիալական երաշխիքները պետք է համապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին և այլ մարմիններում առկա կարգավորումներին։
- Լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրումը բխում է Ծառայության գործառույթի առանձնահատկություններից և ծառայողներին ներկայացվող պահանջներից։
Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.
- Կարգավորել օրենքում առկա բացերը, տալ հայտնաբերված խնդիրներին իրավական կարգավորում։
- Բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները։
- Ապահովել Ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։
- Բարձրացնել Ծառայության աշխատանքի արդյունավետությունը։
- Ապահովել Ծառայության ծառայողների համապատասխան սոցիալական պաշտպանությունը
- Հստակեցնել Ծառայության գործունեության իրավական հիմքերը։
Նախագիծը բխում է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունից, որի տեսլականներից մեկը աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկն ունենալն է:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ.-ի հոկտեմբերի 4-ին որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել էր Արտաքին հետախուզության ծառայության պետ: