Որքան խորացնենք վարքագծի, բարեվարքության կանոնները, այդքան կսահմանափակենք փաստաբանի ազատ գործելու հնարավորությունը․ Դավիթ Ասատրյան

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրից բխող միջոցառումների ծրագրի 17-րդ նպատակը փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ է։ Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը խոսել է փաստաբան Դավիթ Ասատրյանի հետ։

– Պարոն Ասատրյան, ռազմավարական ուղղություններից են անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի ընդլայնումը, անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացումը։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այս ոլորտում ու ինչ կփոխի այն հանգամանքը, եթե անվճար իրավաբանական օգնություն ստանան ավելի մեծ շրջանակներ։

– Նախ՝ ցանկանում եմ արձանագրել, որ պետության կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման կարևոր հատկանիշներից է դրա որակյալ լինելը: Առանց որակյալ իրավաբանական օգնության չի կարող ապահովված լինել այդ պարտականության կատարումը: Այս պայմաններում հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությանը միշտ չէ, որ համապատասխանում է այդ սկզբունքին, որովհետև, օբյեկտիվորեն, նույնիսկ լավագույն մասնագետները ծանրաբեռնված աշխատանքի դեպքում կարող են ունենալ խնդիրներ իրավաբանական որակյալ օգնության տրամադրման ժամանակ: Ուստի պետությունը կողմից առաջին հերթին պետք է ոչ թե շահառուների շրջանակը ընդլայնի, այլ ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ծանրաբեռնվածության թեթևացումը, իսկ այնուհետև մտածի մնացած հարցերի շուրջ: Կարծում եմ, այս պայմաններում այդ հարցը ժամանակավրեպ է:

– Նախատեսված է նաև հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում։ Մեզ հետ զրույցներում տարիներ շարունակ Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցները փաստել են, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, աշխատավարձը՝ ոչ բարձր։ Ինչ եք կարծում, ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ։

– Ինչքան հնարավորություն եմ ունենում հետևել հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքին, այդքան համոզվում եմ, որ գրասենյակի ծանրաբեռնվածության թեթևացման և ֆինանսական բավարարման առումով լուրջ առաջընթացներ չկան:

Ես մշտապես պնդել եմ այն գաղափարը, որ պետությունը կարող է անվճար որակյալ իրավաբանական օգնություն տրամադրելու պարտավորությունները կատարել նաև Հայաստանում գործող փաստաբանական և իրավաբանական գարասենյակներին որոշակի արտոնություններ տրամադրելու արդյունքում: Օրինակ՝ հարկային արտոնությունների տեսքով շահագրգռի, որ փաստաբանական գրասենյակները պրո բոնո եղանակով ավելի մեծ գործեր վարեն, որոնք վերաբերվում են խոցելի անձանց իրավունքների պաշտպանությանը:

Այդ գաղափարը ես ներկայացրել եմ մի շարք հանդիպումներում, սակայն դա այդպես էլ գաղափար է մնացել: Գործնականում ես զբաղվում եմ պրո բոնո եղանակով խոցելի անձանց իրավունքների պաշտպանությամբ, սակայն այդ աշխատանքի համար ես կարող եմ հայտնվել հարկային վարչարարության մեջ, քանի որ օրենսդրությամբ այդ հարցը կարգավորված չէ:

– Ըստ ռազմավարության, նախատեսվում է նաև փաստաբանական դպրոցի գործունեության զարգացումը։ Դուք ևս անցել եք դպրոցով։ Տեսանելի ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերջին երկու տարիների ընթացքում կամ Դուք ի՞նչ կփոխեիք:

– Փաստաբանական դպրոցը զարգացման բավականին երկար ճանապարհ է անցել ու այդ ճանապարհին շատ քայլեր են ձեռնարկվել այդ ինստիտուտը զարգացնելու ուղղությամբ: Կարող եմ նշել, որ փաստաբանական դպրոցում իրականացվող դասընթացները իրենց ժամանակագրական և բովանդակային առումով չեն զիջում Հայաստանում գործող այլ պետական հաստատություններում առկա ուսումից, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայից:

Որպես առաջարկություն կարող եմ նշել փաստաբանական դպրոցում սովորող անձանց գործնական աշխատանքին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքը, որովհետև դպրոցում սովորում են արդեն իսկ իրավաբանական կրթություն ստացած անձինք ու իրենց ավելի շատ անհրաժեշտ է գործնական հմտություններ:

– Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսվում է փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում։ Ի՞նչ բացեր եք այստեղ Դուք տեսնում։ 

– Գտնում եմ, որ Հայաստանում փաստաբանական համայնքում փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնները և դրանց նկատմամբ վերահսկողությունը ավելի բարձր մակարդակում է, քան շատ մասնագիտական համայնքներում: Փաստաբանության հիմնական սկզբունքներից է անկաշկանդ իրավունքների պաշտպանությունը և որքան մենք խորացնենք վարքագծի և բարեվարքության կանոնները և խստության աստիճանը, այդքան կսահմանափակենք փաստաբանի ազատ գործելու և իր վստահորդի իրավունքները արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:

– Պարոն Ասատրյան, պարբերաբար խոսվում է նաև Փաստաբանների պալատի կառուցվածքի մասին։ Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսվում է Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում և այս համատեքստում Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Փաստաբանների պալատի նախագահի և փաստաբանական դպրոցի տնօրեն համար կուսակցության անդամակցության արգելք կսահմանվի։ Կո՞ղմ եք այս փոփոխությանը։

– Իմ համար անհասկանալի է Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացման կարիքը, որը ես չեմ գտել հիմնավորումների մեջ: Ինչ փաստերի կամ ինչ երևույթների հաշվի առմամբ է պետությունը գտել, որ անհրաժեշտ է զարգացնել ներքին կառուցակարգերը: Նաև անհասկանալի է «զարգացում» բառի բովանդակությունը, արդյո՞ք առաջարկվող տարբերակները իրականում զարգացում է, թե հետընթաց՝ դեպքի ավելի վերահսկելի փաստաբանական համայնք: Իսկ ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցի տնօրենի համար կուսակցության անդամության արգելքին, ապա ես կողմ եմ դրան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել