ԲԴԽ-ն ոչ հաշվետվողական վարք է դրսևորում՝ չհամագործակցելով մշտադիտարկում իրականացնող կազմակերպության հետ և խախտելով Տեղեկատվության ազատության օրենքը

«Իրավաբանների հակակական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (Ռազմավարություն) և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում:

ԻՀԱ-ի թիմը՝ մշտադիտարկման աշխատանքների շրջանակում, որը ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։ Մշտադիտարկման իրականացման հետ կապված ԻՀԱ-ն ակնկալել է Բարձրագույն դատական խորհրդի աջակցությունը:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ին հայտնում են Իրավաբանների հայկական ասոցիացիայից։

Տեղեկություն ստանալու համար ԻՀԱ-ն պաշտոնական հարցումներ է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդին, որոնք վերաբերում են Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրված մի քանի նպատակների մասնավորապես․

  • նպատակ 1 – Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրում,
  • նպատակ 2 – Անցումային արդարադատության միջոցով լիարժեք ժողովրդավարության հաստատում և իրավունքի գերակայության ամրապնդում,
  • նպատակ 5 – Դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդում,
  • նպատակ 6 – Դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում,
  • նպատակ 8 – Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում,
  • նպատակ 11 – Քրեական և քրեադատավարական օրենսդրության բարեփոխում,
  • նպատակ 12 – Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում,
  • նպատակ 13 – Վարչական արդարադատության արդյունավետության բարձրացում,
  • նպատակ 14 – Սնանկության համակարգի արդյունավետության բարձրացում։

Հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրուրդը չի պատասխանել հարցերին՝ նշելով․ ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությամն սահմանված մարմինները տալիս են իրենց ոլորտային օրենսդրական ակտերի պաշտոնական պարզաբանումը, բացառությամբ դատական համակարգի մարմինների»։ ԲԴԽ-ն նշել է, թե պաշտոնական պարզաբանումներ տրամադրելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից։

Այսպիսով, ԲԴԽ-ն հրաժարվել է պատասխանել իրեն վերաբերելի ոլորտային հարցերին՝ անտեսելով այն փաստը, որ բարեփոխումների շրջանակում հենց նույն ռազմավարությամբ՝ մի քանի կետերով անդրադարձ է կատարվում նաև այս կառույցին։ Օրինակ՝ 5-րդ նպատակի գործողությունների թվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավումը, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների ցանկում առանձնացվում է նաև տեղեկատվության ազատության հարցերի հետ կապված անձանց մասնագիտական օժանդակության տրամադրումը` ներառյալ դատական կարգով, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման ոլորտում պետական մարմինների գործունեության մշտադիտարկումը, գրություն է հղել ԻԱԿ-ին՝ խնդրելով հնարավորության սահմաներում ուսումնասիրել և ապահովել սույն գրությամբ բարձրացվող հարցերի ընթացքը, տրամադրել մասնագիտական աջակցություն՝ հայցվող տեղեկությունները ստանալու ուղղությամբ և ապահովել  հայցվող տեղեկությունների հարցում ԲԴԽ-ի գործունեության օրինականության մշտադիտարկումը։ 

Բացի այդ, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ ասվում է, որ պետք է իրականացվի Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավում, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում, քանի որ ներկայումս ԲԴԽ որոշումներն ընդունվում են փակ գաղտնի քվեարկությամբ, ինչն առաջացնում է հասարակության անվստահությունը և կասկածի տակ է դնում որոշումների ընդունման հարցում խորհրդի անդամների անկախությունը և հաշվետվողականությունը։

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նպատականերից է նաև դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը։

«Դատական իշխանության անկախությունը և հաշվետվողականությունը սերտորեն փոխկապակցված են. հաշվետվողականությունն անկախության նախադրյալ է։ Այն դատական իշխանությունը, որը չունի հանրային հաշվետվողականություն, չի կարող վայելել հանրության վստահությունը, ինչը, ի վերջո, վտանգի տակ կդնի հենց անկախությունը։ Սույն ռազմավարությունը նպատակաուղղված է ինչպես հաշվետվողականության, այնպես էլ անկախության ամրապնդման համար հիմքեր ստեղծելուն և երկու կոնցեպտների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելուն»,-ասված է ռազմավարության մեջ։

Փաստորեն, ստացվում է, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշոտնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանը չեն ապահովում հանրային հաշվետվողականություն, չեն համագործակցում մշտադիտարկում իրականացնող կազմակերպության հետ, ավելին՝ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Հետևաբար, չեն կարող վայելել նաև հանրության վստահությունը, ինչը, ի վերջո, վտանգի տակ կդնի հենց անկախությունը։

Լուսանկարում՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշոտնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ Արմեն Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել