Ի՞նչ է տարակարգը, ե՞րբ, ո՞ր դեպքում կարող է ուսուցիչը դիմել տարակարգ ստանալու համար

Որակավորման տարակարգը ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշն է։

Սա սահմանված է «Հանրակրության մասին» օրենքով։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ 26-րդ հոդվածի համաձայն, ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

Նշենք, որ ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։

Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

⇒ Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

Ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում տվյալ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում։

Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:

Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։

 Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։

 Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։

Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել