Փաշինյանի խոսքերի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ կհարուցի․ դատարանի որոշումը

2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, այս դեպքի առնչությամբ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն 2020 թվականի հունվարի 9-ին դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ կատարված գրառման համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները խախտելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու պահանջով:

Սակայն 2020 թվականի հունվարի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից ներկայացված դիմումը մերժել:

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն որոշում է կայացրել իրավական ճանապարհով հասնել իր պահանջին: Դիմելով դատարան` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն պահանջել է վերացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի՝ «Դիմումն առանց քննության թողնելու մասին» թիվ 01/2019 որոշումը: Այնուհետև ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ Կարեն Զարիկյանի, 2020 թվականի օգոստոսի 24-ի վճռով հայցը բավարարվել է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի մայիսի 26-ի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Եվ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Հետևաբար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավորվում է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության դիմումով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մասով ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները խախտելու վերաբերյալ եզրակացություն ընդունել և վարույթ հարուցել նրա նկատմամբ։

Լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել