Դատարանն անվավեր է ճանաչել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացրած որոշումները

ՀՀ վարչական դատարանն ապրիլի 27-ին բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակակական կազմակերպության հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 14-ի 01/2020 որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նիստը նախագահել է դատավոր Անի Հարությունյանը։

Հրապարակված վճռի համաձայն, կազմակերպությունը 2020 թվականի հունվարի 9-ին դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գրառման համար «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները խախտելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու պահանջով:

Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ ասվում էր․ «Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սերժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»:

2020 թվականի հունվարի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահի կողմից 2020 թվականի հունվարի 9-ին ներկայացված դիմումը մերժել:

ԿԿՀ-ն մերժել է՝ պատճառաբանելով, որ վարքագծի կանոնագիրք ընդունված չէ, և որ վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովը իրավաչափ հիմք չունի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից սոցիալական հարթակում հնչեցված խոսքը գնահատելու և այն խախտում որակելու համար։

Վարչական դատարանի եզրահանգման համաձայն, հետևություն է արվել, որ վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոններ ընդունած չլինելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես վարույթ հարուցելը բացառող հանգամանք։

Դատարանն արձանագրել է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ որոշումը կայացնելու շրջանակներում սխալ են մեկնաբանվել և կիրառվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ խախտելով կազմակերպության իրավունքները։

Այսպիսով, դատարանը վճռել է բավարարել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և անվավեր ճանաչել հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը:

Հավելենք, որ նախորդ տարի էլ՝ 2020 թվականի օգոստոսի 24-ին, Վարչական դատարանը բավարարել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ մեկ այլ հայցը՝ նորից ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով ԿԿՀ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 01/2019 որոշումը՝ կազմակերպության դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ։ Այն ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ ներկայացված դիմումի քննությանն էր առնչվում։

Այս գործը քննում էր դատավոր Կարեն Զարիկյանը։

Վճիռը բողոքարկվել է և գործն այժմ Վերաքննիչ դատարանում է։

Լուսանկարում՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել