Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Հովհհանես Ղամբարյանը բանակ էր զորակոչվել 2019 հուլիսի 14-ին: Ծառայել է Հադրութում:
«Դիրքերից իջել է՝ հաջորդ օրը պատերազմը սկսվել է: Պատերազմի հաջորդ օրը իմ փոքր եղբայրն էլ է գնացել իր մոտ, միասին էին»,-պատմում է մայրը՝ Քրիստինե Ղամբարյանը:
Հովհաննեսն ու մորեղբայրը նույն դիրքում են եղել, երբ թշնամու ԱԹՍ-ն հարվածել է: Մայրը պատմում է, որ դիրքում 5 հոգի են եղել, իր որդին և Օթար Ամարյանը զոհվել են, երեք հոգի վիրավորվել:
«Իմ եղբայրը իրեն կորցրել էր, 5 տարվա տարբերություն էր իրենց մեջ, եղբայրների պես էին: Տղայիս գրկած բերել է: 100 մետր կրակոցների միջով է անցել, մինչև մեքենա է եկել, որ տանեն տղայիս»,-ասում է զոհված զինծառայողի մայրը:
Նրա խոսքով՝ Հովհաննեսը ոչ մի բանից վախ չի ունեցել, առաջ է գնացել: Մայրը խնդրել է, որ հետ գա, ասել է՝ ինչ հետ գալ, մամ, բոլորն էլ իմ նման տղաներ են, հայրենիք ենք պաշտպանում:
Վերջին հեռախոսազրույցը եղել է հոկտեմբերի 31-ին, մորն ասել է․ «Մամ, չգիտե՞ս, ինձ համար բոլոր տեղերում էլ լավ է»:
Հովհաննես Ղամբարյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 18-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: